Աշխարհաքաղաքական երկրաշարժ. ստեղծվել է նոր ալյանս՝ խառնելով խոշոր խաղաքարտերն ու մի կողմ տանելով ԱՄՆ-ին

Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքը ցնցել է աշխարհաքաղաքական փոքր երկրաշարժը։

Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք վերջին տասնամյակի մեծ մասի ընթացքում բացահայտ թշնամաբար էին տրամադրված միմյանց նկատմամբ, պարտավորվել են փոխադարձ պաշտպանության և այդ մասին համաձայնություն ու դաշինք կնքել:

Պակիստանի հետ միասին նրանք ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը. այն կոլեկտիվ անվտանգության մասին համաձայնագիր է, որում հայտարարվում է, որ կողմերից մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիա բոլորի դեմ։

Պակիստանը և Սաուդյան Արաբիան վաղուց պահպանում էին սերտ պաշտպանական կապեր։ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, մինչդեռ, նշանավորվել են Կատարի, Եգիպտոսի, «Մուսուլման եղբայրների» և Ստամբուլում Ջամալ Խաշոգջիի սպանության շուրջ տարածաշրջանային լարված մրցակցությամբ, որի համար Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղղակիորեն մեղադրել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին։

Ո՞րն էր այս 3 երկրի դաշինքի պատճառը. ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի ճիշտ՝ երկու երկրների կողմից նրա նկատմամբ վստահության մակարդակի անկումը։

Ասիայում նոր ռազմական դաշինքի ի հայտ գալը Միացյալ Նահանգների հեղինակության անկման ևս մեկ ապացույց է, գրում է The Washington Post-ը։ Ամերիկայի դաշնակիցները այլևս չեն հույսը դնում Վաշինգտոնի վրա և կառուցում են այլընտրանքային անվտանգության կառույցներ առանց ԱՄՆ մասնակցության։

Իրանի հետ պատերազմը ցույց է տվել, թե որքան հեշտությամբ կարելի է կորցնել վստահությունը։

Անցյալ տարի Սաուդյան Արաբիան և Կատարը ստացել են անվտանգության երաշխիքներ Թրամփից, բայց նրա խոստումները որևէ կշիռ չունեն ո՛չ իր արտասահմանյան գործընկերների, ո՛չ էլ Նյու Յորքի վարկատուների համար։ Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը մոտ է։ Այդ մասին նա ասում է արդեն ամիսներ շարունակ, իսկ հունիսի կեսերին եղել է առնվազն 38 հրապարակային հայտարարություն այն մասին, որ համաձայնագիրը անխուսափելի է, կամ որ Իրանը ձգտում է դրան:

Այս շաբաթ իրանական մի աղբյուր Reuter-ին հայտնել է, որ բանակցությունները «անգամ մեկ քայլ առաջ չեն գնացել»։ Համաշխարհային հանրությունն այժմ Թրամփի հայտարարությունները «Truth Social»-ում ընկալում է որպես փաստի և հորինվածքի խառնուրդ, ինչպես նրա կողմից հրապարակված արհեստական ինտելեկտի որոշ տեսանյութեր են։

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Եվրոպայում։ Մայիսին նախագահ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից 5000 միավորումով զորքերի դուրսբերման մասին և ակնարկել հետագա կրճատումների հնարավորության մասին։ Այնուհետև Պենտագոնը չեղարկել էր Լեհաստան մոտ 4000 միավոր զորքերի տեղակայման նախատեսված ծրագիրը։ Մի քանի օր անց Թրամփը հայտարարել էր Լեհաստան լրացուցիչ 5000 միավոր զորքերի տեղակայման մասին։ Նա մեկ սպառնում է չպաշտպանել Եվրոպան Ռուսաստանից, մեկ՝ հայտարարում հակառակը։

Այս շաբաթ էլ Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների «լիակատար վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ, սակայն նավերի մոնիթորինգի տվյալները վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել են ընդամենը 14 նավի անցում՝ պատերազմից առաջ գրանցված ավելի քան 130-ի համեմատ։ Հորմուզի նեղուցի շուրջ Թրամփի հակասական հայտարարությունները բազմաթիվ են, այդ մասիննա հայտարարում է, իրանական կողմը՝ հերթով հերքում:

Սա միայն նախագահական ոճի և հռետորաբանության հարց չէ։ Այն կասկածի տակ է դնում ամերիկյան ազդեցության հիմքը։

80 տարի շարունակ Միացյալ Նահանգները կուտակել է վստահության «ակտիվներ», որոնք արտահայտվել են փաստաթղթերով և մինչև անգամ ավիակիրների ու F-35 կործանիչների համաձայնագրերով: Դաշնակիցները հույսը դրել են ամերիկյան պարտավորությունների անփոփոխության վրա՝ անկախ վարչակազմից։ Հակառակորդները գիտակցում էին, որ Վաշինգտոնի սպառնալիքները, որքան էլ չափազանցված թվան, իրական ուժ ունեն։ Համակարգը անթերի չի եղել. իհարկե, եղել են խախտված խոստումներ և սխալներ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կանխատեսելիության և նախագահի խոսքի կարևորության նկատմամբ վստահությունը եղել է մնայուն, և հիմա, 80 տարում առաջին անգամ այդ վստահությունը սկսել է տատանվել, գրում է WP-ը:

Թրամփը խոստումներն ու սպառնալիքները բլեֆ է համարում, սակայն ռազմաքաղաքական դաշինքի ներսում տիրող անորոշությունը անհամեմատելի է առևտրային բանակցությունների անկանխատեսելիության հետ։ Եթե դաշնակիցները չեն կարող իմանալ՝ զորքերը կտեղակայվեն, թե կհանվեն, մաքսատուրքերը կբարձրացվեն, թե կիջեցվեն, կամ այսօր ստորագրված համաձայնագիրը վաղը կպահպանվի՞, արդյոք, նրանք ավելի անկախ կդառնան ու կսկսեն փնտրել նոր դաշնակիցներ ու նոր համաձայնագրեր:

Պետությունները անվտանգության ցանցեր են կառուցում՝ սեփական շահերից ու սկզբունքներից ելնելով: Դանիան ամերիկյան Patriot-ի փոխարեն ընտրել է ֆրանս-իտալական SAMP/T համակարգը: Կանադան վերանայում է F-35 կործանիչների գնումը: Եվրոպական կառավարությունները ակտիվորեն ֆինանսավորում են ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացումը: Հարավային Կորեան դարձել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին զենքի երկրորդ խոշորագույն մատակարարը և օգնում է Պարսից ծոցի երկրներին օդային պաշտպանության համակարգեր մատակարարել այնպիսի համակարգերով, որոնք Patriot-ից էժան են: Նիդեռլանդների կենտրոնական բանկը հիմնական ամպային ծառայությունները փոխանցել է եվրոպական մատակարարին՝ նվազեցնելով իր կախվածությունը ամերիկյան տեխնոլոգիաներից: Եվ վերջապես, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստեղծում են իրենց սեփական տարածաշրջանային անվտանգության համակարգերը:

Այս որոշումներից ոչ մեկն ինքնին չի նշանակում Վաշինգտոնի հետ հարաբերությունների խզում: Այնուամենայնիվ, միասին վերցրած, դրանք վկայում են ԱՄՆ խոստումների նկատմամբ աճող անվստահության մասին:

Նմանատիպ օրինաչափություն է նկատվում նաև ամերիկյան սպառնալիքների վերաբերյալ։ Երբ Վաշինգտոնը սպառնում է սակագներով, ստանում է զիջումներ, ապա կրկին վերադառնում է սպառնալիքներին, կառավարությունները եզրակացնում են, որ զիջումները չեն ապահովում անվտանգությունը։

Ինչպես ձևակերպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ երկրները սխալվում են՝ ենթադրելով, որ համապատասխանությունը երաշխավորում է անվտանգությունը։ Ռացիոնալ արձագանքը այլընտրանքային մեխանիզմներ ստեղծելն է։

Նկատենք՝ Թրամփին ամենից շատ վստահող ու աջակցող Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին էր մերժել Թրամփի առաջարկները՝ այս շաբաթ կարճ և կտրուկ մերժելով նրա 15 կետանոց ծրագիրը Գզայի համար։ Նա բազմիցս տեսել է, թե ինչպես են ամերիկյան նախագահի հավակնոտ նախաձեռնությունները ձախողվում։

Այսպիսով, ԱՄՆ-ից այս կամ այն կերպ «կախում ունեցող բազմաթիվ պետությունները դադարել են իրենց քաղաքականությունը համաձայնեցնել Վաշինգտոնի հետ և նրա շուրջ:

Այս ամենի հետ նաև հարկ է նշել, որ չնայած նշվածին, Միացյալ Նահանգները պահպանում է հսկայական ուժ՝ հզոր բանակ, առաջադեմ տեխնոլոգիաներ, հսկայական կապիտալի շուկաներ, լայնածավալ դաշինքներ և դոլարի հիմնական դերն աշխարհում։ Այնուամենայնիվ, վստահությունը նույնպես ակտիվ է, և այն մեծ ջանքերով կառուցվում է դարերի ընթացքում ու պահպանվում կամ կորչում՝ անձերով պայմանավորված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ