![]()
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում բար-ռեստորանի արտադրական գործունեություն է կասեցրել:
«Ինչպես արդեն տեղեկացվել է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2). հանրային սննդի այս օբյեկտում սնվելուց հետ «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ:
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
— խոհանոցի պատի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
— առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն այնպես, որ կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
— սննդամթերքի մշակման սեղանը և սառնարանի դարակաշարը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հանրային սննդի կետում առկա սննդատեսակներից կատարվել է նմուշառում, և տրվել լաբորատոր հետազոտության. արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()