![]()
«Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, քանի որ խաղաղությունը դեռևս անշրջելի չէ»։
Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ա. Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, ավելի ճիշտ՝ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ, այսինքն՝ դեռևս անշրջելի չդարձած խաղաղությունն Ադրբեջանի հետ միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է ՀՀ-ի համար։
Բ. Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան և հարևանի հետ ունենալ փակ սահման առնվազն տնտեսական սպառնալիք է: Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ առնվազն դիվանագիտական սպառնալիք է»,- նշել է նա:
Ըստ Ռուբինյանի՝ կան նաև այլ սպառնալիքներ՝ բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական, անվտանգային կապեր, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տրանզիտի ճանապարհների բավարար չդիվերսիֆիկացված վիճակ և այլն:
Դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ Ռուբինյանը հարց է ուղղում. «Բայց ո՞րն է մեր և ձեր տարբերությունը: Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, չեզոքացնել: Տեսնում ենք՝ չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանում, ուզում ենք այնպես անել, որ լինի անշրջելի: Տեսնում ենք, որ դեռ 100 տոկոսով ինստիտուցիոնալացված չէ, ուզում ենք ինստիտուցիոնալացնել:
Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանը, տեսնում ենք, որ սպառնալիք է տնտեսվարողների համար, բանակցում ենք, որ գանք որևէ լուծման, ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում:
Մեր և ձեր տարբերությունը դա է: Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը: Դաշնակցության պատմությունը, 1920-ից սկսած, մի պատմություն է սպառնալիքները կթելու մասին»,- շեշտել է նա:
![]()