![]()
«Պարոն Ալեքսանյանին իր քաղաքական կարիերայի ընթացքում ուղեկցել եմ ու մի բան էլ ավելի, երբ դասավանդել եմ նրան ԵՊՀ-ում, և ուզում եմ ասել, որ երիտասարդ տարիքից սկզբունքայնությունը, որ ունեցել է, պահպանվել է, և դա լավ որակ է քաղաքական գործչի համար»:
Այս մասին խորհրդարանում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի թեկնածության մասին:
Հարությունյանի խոսքով՝ այս ընթացքում Ալեքսանյանի հետ շատ արդյունավետ աշխատել է տարբեր ուղղություններով ու կարծում է՝ ՔՊ կուսակցության վարչությունը, այնուհետև խմբակցությունը ճիշտ որոշում են կայացրել՝ Ալեքսանյանին առաջադրելով:
«Շատ ուրախ կլինեմ նրան տեսնել ԱԺ փոխնախագահի պաշտոնում»,- նշել է պատգամավորը:
Հարությունյանը շեշտել է՝ ցանկանում է շարունակել նախորդ խոսակցությունը, որովհետև եթե առաջիկա տարիների համար 9-րդ գումարման ԱԺ-ի հետ կապված պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, էլի կանգնելու են հին՝ կոտրած տաշտակի առաջ:
«Անցած օրերի մեր քննարկումները գնահատում եմ որպես դրական, բայց որոշակի մտահոգիչ դրվագներ կային»,- ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով դրանց:
Նրա խոսքով՝ իր այս ելույթը չէր լինի, եթե չլինեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի ելույթները:
Հարությունյանը խորհուրդ է տվել իշխող խմբակցության հետ կոնստրուկտիվ խաղեր չխաղալ, այլ անել այն, ինչ իրենք են արել նախկինում:
«Ես ուզում եմ սա արձանագրենք, որ հետո այլ հարցեր չլինեն, և նորից ընդդիմադիր խմբակցություններին, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքին կոչ անել չկրկնել նախորդ գումարման սխալները, որովհետև օբյեկտիվորեն իշխանությունը ունի բազմաթիվ օրինական հնարավորություններ՝ իր դիրքերը ամրապնդելու:
Եվ ինչպես նախորդ անգամ ասացի, ընդդիմության համար ամենալավ միջոցը՝ գալ իշխանության, դա այն է, որ ներկայացնի գաղափարներ, ստեղծի հանրային դիսկուրս, իշխանությունը կկատարի դա, լավ է, ընդդիմությունը կասի՝ իմ արածն է, չի կատարի իշխանությունը, տենց դուխով կգաք, հանրությանը կասեք, որ այ էսքան լավ բաներ ենք առաջարկել, բայց իշխանությունը դա չի արել, և ինձ ընտրեք: Դա այդպես է աշխատում ամբողջ աշխարհում»,- հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Մամիկոն Ասլանյանի՝ «Դուք ամեն ինչ անելու եք, որ մնաք իշխանության, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեզ հեռացնենք» հայտարարությանը, Հարությունյանը նշեց՝ եթե առաջնորդվեն այս տրամաբանությամբ, դա կվերածվի հակամարտության:
«Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, դուք պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու՝ մեկ քաղաքացու 3 միլիոնից: Երբ այդ մեկ քաղաքացուն, պայմանական ասած, ձեզանով անեք, իշխանությունը կհեռանա շատ հանգիստ, ժողովրդի պահանջով: Մենք էլ՝ որպես իշխանություն, աշխատում ենք էն ուղղությամբ, որ քաղաքացին մնա իշխանության կողմը և հաջորդ ընտրություններին նորից վերընտրվի»,- ընդգծել է պատգամավորը:
![]()