Նա, ով մեզ ասում էր կապիտուլյանտ, հիմա կապիտուլացվեց, ո՞ւր է Սերժ Սարգսյանի խմբակցությունը. Հայկ Կոնջորյան

«Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ խմբակցությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Սա չափազանց մեծ պատիվ է՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ԱԺ-ում հեղափոխությունից հետո պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որ առանց որևէ ընդհատումների եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր, ինձ համարում եմ համոզված խորհրդարանական»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ հունիսի 7-ի ընտրությունները բացառիկ էին այն բանով, որ սա առաջին համապետական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ընտրություններն անցկացնում էին խաղաղության պայմաններում. «Մեր գլխավոր ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն էր՝ Տեր կանգնիր խաղաղությանը, մենք շատ լավ գիտակցում ենք, որ ժողովրդի քվեարկությունից է կախված խաղաղությունը, ինքնիշխանությունը, պետականությունը: Հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների միջով անցնելուց հետո բազմիցս ականատեսն ենք եղել այն իրավիճակներին, երբ փորձ է արվել ՀՀ-ում խլել ժողովրդի իշխանությունը: Հաճախ դա փորձ է արվել անել հակասահմանադրական ճանապարհով, մենք գնացինք 2021 թվականի ընտրություններին, ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, ձևավորվեց ԱԺ-ն, որտեղ ներգրավվեցին 3 խմբակցություններ, բայց ցավոք այդ ԱԺ-ն չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պիտի, որ ունենա իր ակնկալիքներն ու ցանկությունները: 8-րդ գումարման խորհրդարանը տարբեր հարցումներով ուներ ամենացածր վստահություններից մեկը: Կա բանաձև՝ ինչու կռվել, եթե կարելի է չկռվել, նախորդ ընդդիմությունն այս հարցը թարս էր շրջում, ասում էր՝ ինչու չկռվել, եթե կարելի է կռվել: Նա, ով մեզ ասում էր կապիտուլյանտ, հիմա կապիտուլացվեց, չկա, կապիտուլյանտի խմբակցությունը կապիտուլացված է, ո՞ւր է Սերժ Սարգսյանի խմբակցությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ