![]()
Հայկական միրգ-պտուղ-բանջարեղենը իրականում տարբեր ծրագրերով 25 և ավելի երկիր արտահանվել է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով հարցին՝ ո՞ր երկրներ է արտահանվում հայկական միրգ-պտուղ-բանջարեղենը:
«Մեծ հաշվով, մենք՝ որպես Կառավարություն, մեր խնդիրը լուծել ենք: Դուք, եթե հիշում եք, մամուլում հոդվածներ կային, թե ինչպես են պատկերացնում՝ ապագայում որքան թափված ծիրան է լինելու գետնին, կամ որքան թափված դեղձ է լինելու գետնին, բայց ես, որքանով գիտեմ, ծիրան չի թափվել գետնին»,-նշել է նա:
Դիտարկմանը, որ ծիրանը քիչ է եղել այս տարի, իսկ լոլիկն ու ծաղիկները չեն արտահանվել, Պապոյանն ասել է․
«Լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև»,- ասել է էկոնոմիկայի նախարարը՝ վստահեցնելով, որ նախորդ տարվա նման այս տարի էլ ոչ մի կիլոգրամ լոլիկ դաշտում չի մնա:
Պայմանավարված տոմատի մածուկի ներմուծման սահմանափակումով, ըստ նախարարի, արդեն հայկական 4 գործարանի դաշտի և ջերմոցի ամբողջ լոլիկը, ինչը ենթակա է մթերման, կմթերվի։
![]()