![]()
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի դեմ (ենթադրաբար՝ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է — ԽՄԲ.)։
Վարչապետը նման հայտարարություն է արել` խոսելով ՀԷՑ-ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։
«Խոսում էին, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերերն արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։
1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում («Միասնության թևեր» կուսակցությունը-ԽՄԲ.)։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում` քննե՞լ են` սա կոռուպցիա՞ է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։
Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև իրավապահներին կոչ է արել, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։
![]()