Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցին և կողմերի հրապարակած պաշտոնական հաղորդագրություններին:

«Երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց:

Երբ համադրում ենք կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները ստանում ենք հետևյալ պատկերը:

Առաջին՝ կողմերից յուրաքանչյուրի հաղորդագրության մեջ ընդգծվում է միայն այն, ինչ ասել է յուրաքանչյուր կողմը: Այսինքն՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է միայն այն, ինչ ասել է Փաշինյանը, իսկ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ միայն այն ինչ ասել է նախագահ Պուտինը:

Սովորաբար, որքան էլ որ տարբեր են լինում քննարկվող հարցերի շուրջ դիրքորոշումնրը, այնուամենայնիվ տարածած հաղորդագրությունների մեջ գեթ մեկ նախադասություն լինում է նույնը՝ ընդգծելու համար կոնստրուկտիվ մթնոլորտում թեմայի շուրջ համատեղ աշխատելու հանձնառությունը: Օրինակ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել և այլն: Այս դեպքում ունենք միայն հայկական կողմի ձևակերպումը՝ «վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը»:

Երկրորդ՝ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չկա գեթ մեկ նախադասություն, որը բարձրագույն մակարդակով պարբերաբար չի բարձրաձայնվում՝ և Հայաստանում, և՝ դրսում: Մասնավորապես.

ա/ «հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին»:

բ/ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը անդամագրման վերաբերյալ պաշտոնական դիմում հղի ԵՄ-ին: Հետևաբար, Հայաստանը նոր հեծանիվ դժվար թե հորինի. չկա դիմում, չկա նաև հանրաքվեի անցկացման իրավական շարժառիթ:

ՌԴ հաղորդագրությունն, իր հերթին, ընդգծում է, որ հնարավորինս շուտ Հայաստանը այնումանեյնիվ պետք է անցկացնի ռեֆերենդում՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Այստեղ, ռուսական կողմը նոր հեծանիվ այնուամենայնիվ հորինում է. էական չէ, թե ինչ են պահանջում ԵՄ իրավական կարգավորումները, էական է այն, թե ինչ է ուզում Ռուսաստանը:

Հ.Գ. Իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը: Ռուսաստանն ուզում է դիսկուրսը պաշտոնական Երևանի ռազիոնալ պրագմատիզմի տիրույթից տեղափոխել պաշտոնական Մոսկվայի փակուղային կոնֆրոնտացիայի տիրույթ, ինչը ենթադրում է զրո երկխոսություն/քննարկումներ՝ օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Եվ իհարկե, դրանց թվում առաջնային տեղ է զբաղեցնում հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման թեման:

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում: Չկա փոխշահավետ լուծում՝ գործի են դրվում կոշտ միջոցները: Կոշտ միջոցների «լեգիտիմացման» նպատակով անհրաժեշտ է Հայաստանին մեղադրել նրանում, ինչն իրականում անում է հենց ինքը: Այլ բառերով՝ Ռուսաստանը քննարկման և լուծման հարցերը տանում է փակուղի:

Ըստ իս, Հայաստանը պետք է շարունակի դիրքավորվել կառուցողականության տիրույթում՝ զուգահեռաբար չնահանջելով մեր շահերի սպասարկումից:

Էս բաթլի մեջ շահելու է այն կողմը, ում հաջողվի գործընթացը պահել իր մեթոդաբանության դաշտում»,- գրել է Մարգարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ