![]()
Ընդիմությունը նորից ակտիվացել է ու նորից նույն լոգիկայի մեջ է։
Ոչ մի զարմանալի բան՝ նույն դեմքերը՝ «սրբերի խորհրդավոր ընթրիքում», նույն շողքը՝ պատի վրա, նույն ձեռագիրը և ցանկացած արարի վերջում՝ նույն արդյունքները։ Միակ դրվագային նորությունները այս սրացումների ժամանակ լինում են խաբված, հաճախ Հայաստանն անկեղծ փրկելու մղումներով տոգորված ու հավատացող մտավորականների, որդեկորույս ծնողների, սփյուռքահայերի կամ որևէ այլ հեղինակավոր մարդկանց պոռթկումներն ու վերջում ծայրահեղ հիասթափությունները։ Ամեն սեզոնին մեր «փռկիչները» գտնում են նման մի նոր մարդու, ում դեմքն ուզում են օգտագործել այդ փուլում։ Սակայն մի կողմ թողնենք այս մանիպալուցված, բայց հաճախ մաքուր մարդկանց և վերադառնանք մեր «փռկիչներին»։
Այս մարդիկ ամեն ինչ փորձեցին՝ փողոցը, ադրբեջանական խաղաքարտը՝ մի տաս ձևի փաթեթավորած, կաշառքը, ահաբեկումը, ԱԺ ամբիոնը, եթերի մասին էլ խոսք չկա. իրենց համար դա ազատ դաշտ է։ Մի խոսքով, չմնաց մի երևույթ, որ չփորձեն՝ իրենց պատկերացրած «փրկությունն» իրականացնելու համար, սակայն «ժեխը» չի ուզում փրկիվի, «պոպոխությունը» չի գալիս ու չի գալիս։
Տրամաբանող մարդու մոտ հարց կառաջանար՝ ինչու են նրանք շարունակում իրենց անիմաստ ու անօգուտ գործունեությունը։ Ոմանք կասեն, որ ուղղակի չեն կարող չշարունակել, քանի որ Մոսկվայից հրահանգ կա, և մեծ հաշվով չեն սխալվի։ Ոմանք էլ կասեն, որ «փռկիչները» այլևս կորցնելու բան չունեն, որ կորցնում են իրենց ողջ կյանքի թալանածն ու այդ թալանի միջոցով վերարտադրածը, այսինքն՝ ողջ ունեցվածքը, հետևաբար հետ քայլ անել չեն կարող, պետք է մինչև վերջ պայքարեն։ Սա պնդողներն էլ սխալ չեն, սակայն մի տրամաբանական հարց է առաջանում այդ ժամանակ. արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ նրանցից շատերն առհասարակ դուրս գային այդ անիմաստ պայքարից, քանի որ տեսնում են դինամիկան ու արդյունքները. չէ՞որ ամսեամիս կորցնում են միլիոններն ու միլիարդները։
Այո՛, շատ տրամաբանական կլիներ, սակայն մեր կարծիքով՝ այդ ամենի համար արդեն ուշ է, նրանք արդեն մի թակարդում են, որից դուրս գալ չեն կարող։ Այդ թակարդը կամավոր են մտել, այլ ելք չկա։ Իրենք իրենց թակարդն են գցել այն օրվանից, երբ Հայաստանից ու հայ ժողովրդից գողացածը տանում էին Ռուսաստան, երբ ռուսական հատուկ ծառայությունների գործիք էին դառնում, երբ անկախ Հայաստանի ընտրված իշխանության դեմ պայքար էին սկսում։ Բոլոր այս նախապայմանների հանրագումարը նրանց քայլ առ քայլ տանում էր դեպի փակուղի։
ՀՀ-ում քրեական գործերի համար դատական գործընթացների մեջ են ընկնում, սակայն նախապես բարձր հայհոյում են, որ հետո ասեն՝ հետապնդում են։ Նույն պատճառով ՀՀ-ից ելքերն արգելափակված է, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ պարտադիր պայման։ Ահա և թակարդը, որը ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է։ Ու շատ տարօրինակ է, որ այս ակնհայտ երևույթը մենք հասկանում ենք, իսկ նրանք «չեն հասկանում»։ Չափազանց միամիտ կլիներ այդպես հավատալ, որ վերջիններս չեն պատրաստել իրենց նահանջի ճանապարհը և սպառել են բոլոր հնարավորությունները։ Այս պարոնայք այդքան միամիտ չեն և շատ լավ հասկանում են իրենց իրավիճակը։ Այդ իրավիճակը նախանձելի չէ, սակայն հույսը վերջնական չեն կորցրել. պահեստային պլանը կա ու կա։
Որն է այդ պլանն ի վերջո։ Այստեղ մի փոքր պատմական ակնարկ անենք։
1919-1920թթ. ՀՀ-ում գործող բոլշևիկյան «Սպարտակ» խմբին բացարձակ ոչ մեկը լուրջ չէր ընդունում, նրանք մարգինալների խումբ էին։ Այդ և այլ բոլշևիկյան բջիջների անդամներ՝ Արշավիր Մելիքյան, Աշոտ Հովհաննիսյան, Պողոս Մակինցյան, Ղուկաս Ղուկասյան, Աղասի Խանջյան, Բագրատ Ղարիբջանյան, Վերգո Թումանյան անունները ոչ մեկին ոչինչ չէին ասում։ Կառավարությունն էլ, ճիշտ է, որոշկի պայքար մղում էր նրանց դեմ, սակայն լուրջ չէր ընդունում։ Այս մարգինալների խումբն էլ այնպես չէ, որ իրականում մեծ հաջողություն ուներ ժողովրդի շրջանում, քանի որ հայ ժողովրդի մեծ մասը անկախական էր։ Այնքան անկախական էր, որ երբ Արամ Մանուկյանը 1918 թ. օգոստոսի 31-ին Խալիլ փաշային Երևանում դիմավորեց ու 25 հազար փութ ցորեն խնդրեց, որևէ մեկի մոտ ցանկություն չէր առաջանում Արամին ու Դաշնակցությանը մեղադրել թուրքասիրության համար։ Այնքան անկախական էր, որ բոլշևիկների «թուրք կամ ռուս» օրակարգը չէր ընդունվում։
Նկատենք, որ նույն օրակարգն է այսօր նոր բոլշևիկների կողմից։ Այսինքն՝ ՀՀ պետականության թշնամիները նույնն են և նույն օրակարգերով։ Սակայն ինչ տեղի ունեցավ հետո՝ բոլորս գիտենք. այդ մարգինալների խումբը հաջողության հասավ, քանի որ Իջևանով Հայաստան մտավ Կարմիր բանակը։ Ահա ողջ պլանն ու խաղաքարտը, որ մնացել են, ահա նրանց հիմնական հույսը՝ «Կարմիր բանակի» գալը։
Նրանք այդ մասին ասում են գրեթե բաց տեքստով, կրկնում Մոսկվայից հնչած բոլոր թեզերն ու նարատիվները։ Սա հասկանում են բոլորը՝ «Կարմիր բանակի» ժամանումը Հայաստանում ռուսական ընդիմության միակ հույսն է, իսկ որն է մեր՝ ՀՀ անկախականների, պետականամետերի հիմնական գործիքակազմը այս փաստացի կոլաբորացիոնիստ մասսայի դեմ։
Փաստերի այս արձանագրումները, որոնք ունեն հազարավոր ապացույցներ, մեզնից պահանջում են հստակություն, քայլերի հստակություն։ Նախ մենք պետք է օր առաջ ամրացնենք ՀՀ պետականությունը՝ առաջ մղելով պետականամետներին ու բացահայտելով թաքուն կոլաբորացիոնիստներին, որոնք հինգերորդ շարակազմի զորքի պես թաքուն սաբոտաժ են անում հատկապես պետական համակարգում։ Բացահայտումից հետո նրանց իզոլյացիան է։ Զուգահեռ այս ամենին պետք է աշխատել հանրության հետ և աշխատել ինտենսիվ, որպեսզի հասկանան իրերի դրությունը։ Բոլորը չէ, որ ընկալում են այս ամենը, և պետականամետությունը հաստատուն չէ դեռ մեր հանրության մեջ։ Անվտանգություն ու հաց պետության դիմաց դիլեման դեռ աշխատում է, և տատանվողները քիչ չեն։ Այդ տատանվողների հետ աշխատել է պետք։
Մանիպուլյատիվ քայլերը և սխեմաները շատ են։ Այդ մանիպուլյացիաների համար պարարտ հող են նաև ստերեոտիպային մտածելակերպն ու անգրագիտությունը։ Այս «փռկիչների» շրջանում շատ ակտուալ մի խոսույթ կա, որ միևնույն է «Կարմիր բանակը» գալու է։ Անթաքույց էլ ասում են, որ միևնույն է գալու են հետ ու վերցնելու են իշխանությունը, ինչպես արեցին հարյուր տարի առաջ։ Ավելի լավ է հենց այս գլխից թուլանանք ու հաճույք ստանանք։
Մի կողմ թողնենք ստրկամտության այս շքերթը, որ հարյուր տարում մի քանի անգամ մեզ թուրքի ձեռքը գցելու և հետո փրկիչի դերով հետ գալու պարզունակ մանիպուլյացիան չեն ընկալում։ Այստեղ կա տարրական հավկուրություն։ Չեն հասկանում, որ եթե անգամ հետ պիտի գան, ինչը շատ քիչ հավանական է, և դրա համար էլ տեսնելու աչք է պետք, միևնույնն է եթե չդիմադրես, մատաղացու գառի պես հանձնվես, ապա ոչ մի լավ բան չի սպասվում։
Գարեգին Նժդեհ պաշտողները չեն հասկանում, որ Սյունիքը մատաղացու գառի պես «մեկ է հետ են գալու» հավատաոցողների շնորհիվ չի մնացել, այլ պայքարելու։ Եվ եթե պիտի հետ գան, ապա ատամ ցույց տալու և անկախական լինելու շնորհիվ ենք պահելու ՀՀ պետականության լիարժեք սահմանները:
Երկրորդ և ավելի կարևոր հարցը հենց «Կարմիր բանակի» հետ գալ ասվածի ընկալումն է։ Այսինքն՝ ստրկամիտը անխուսափելի է համարում ՀՀ անկախության կորուստը, ռուսական կայսրության կազմ մտնելը, բայց բոլորը չէ, որ հավկուր են։ Նախ կայսրությունները երկու անգամ չեն կործանվում ու երկու անգամ վերաստեղծվում։ Շատ քիչ դեպքեր կան։ Հետո ամեն անգամը նույն սցենարը չի կրկնվում։ Ամեն անգամը մի առանձին դեպք է իր յուրահատկություններով։ Անգամ հարյուր տարի առաջ ռուսական կայսրությունը բոլոր կորցրած տարածքներ չէ, որ կարողացավ վերադառնալ։ Օրինակ՝ Հելսինկի ու Պորտ Արթուր այդպես էլ չհասավ, իսկ Սոֆիա, Վարշավա, Բուդապեշտ, Պրագա և այլ տարաքծներ հասնելն էլ շատ թույլ էր ու հարաբերական։
Բոլշևիկյան Ռուսաստանի ու այսօրվա Ռուսաստանի միջև եղած տարբերությունների անդունդը չտեսնելը, գաղափարախոսական ցայտնոտը չհասկանալը, համաշխարհային գործընթացների դինամիկան չտեսնելը պարզագույն անգրագիտություն է, ինչը միանգամայն բնական է ստրուկների համար։ Այսօր՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման այս գործընթացում, «Կարմիր բանակի» համար տեղ ու դեր քիչ է մնում….
շարունակելի
![]()