Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սիեթլի ամենամյա «The Bite of Seattle» փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է սպանվել։ Առնվազն հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու տարեկան տղա։

Քաղաքապետ Քեթի Ուիլսոնի խոսքով՝ ողբերգության կապակցությամբ ձերբակալվել է մեկ անձ։ Քաղաքապետարանը սկզբում հայտնել էր երկու ձերբակալության մասին, սակայն ավելի ուշ թարմացրել էր այդ տեղեկատվությունը առանց լրացուցիչ պարզաբանումների։

Սիեթլի ոստիկանությունը կարծում է, որ հարձակվողները երկուսն են եղել, որոնք կրակել են միմյանց վրա։ Մի փոքր ուշ սկսված մամուլի ասուլիսում փոխոստիկանապետ Թայրոն Դեյվիսը հաստատել է մեկ կասկածյալի ձերբակալությունը։ Նա հավելել է, որ կրակոցների հետ կապված հետախուզվում է ևս մեկ անձ։

Երկու անձանց ինքնության մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել։ Դեյվիսը նշել է միայն, որ հետախուզվող կասկածյալը հանրության համար սպառնալիք չի ներկայացնում։

Քանի որ կրակոցները չեն նկարահանվել տեսախցիկով, ոստիկանությունը խնդրել է ականատեսներին կիսվել իրենց ունեցած ցանկացած տեղեկատվությամբ։

«Մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը։ Մենք չենք կարող լուծել սա առանց մեր համայնքի», — ընդգծել է Թայրոն Դեյվիսը մամուլի ասուլիսում՝ դիմելով փառատոնի մասնակիցներին և լրագրողներին։

Ըստ տեղական առցանց հրատարակության, հազարավոր մարդիկ են մասնակցել միջողառմանը։ Անցյալ տարի հուլիսի 25-ից 27-ը անցկացված միջոցառումը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ներգրավել է 282,000 մարդու։

Վաշինգտոն նահանգի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և ասել, որ աղոթում է նրանց և առաջին արձագանքողների համար, «ովքեր աշխատում են կյանքեր փրկելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ