Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ։

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

Նախարար Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։

Նախարարի խոսքով՝ ԻԻՀ–ն զգալիորեն ներգրավված է ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերում, ինչը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին։

Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

Քննարկվել է նաև Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Նշվել է, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ