![]()
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։
Տոկաևը առաջարկել է սառեցնել ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ Ստամբուլի կարգավորման բանաձևին և շարժվել դեպի խաղաղություն։
«Հնարավոր է՝ այս հակամարտությունը պետք է սառեցվի և վերադառնա Ստամբուլի բանաձև 2.0-ին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով, մենք պետք է շարունակենք շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն։
Ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց, քանի որ գիտեմ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և, ինչպես ասում են, նրանք կարող են գլուխ հանել առանց միջնորդների։
Ես որոշեցի այսօր արտահայտել իմ համեստ կարծիքը, քանի որ մարդիկ գիտեն մեր հանդիպման մասին, գիտեն, որ ես պետք է լինեմ Օմսկում, և խնդրեցին ինձ փոխանցել այն։ Ինչպե՞ս կարող ենք լուծել այս իրավիճակը։ Ոչ ոք չգիտի, քանի որ կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ։ Բայց, մյուս կողմից, կա մի պահ և հնարավորություն այս ամբողջ հարցը հետաձգելու համար։ Սա միջազգային պրակտիկայում ապացուցված մոտեցում է։ Ցավալի է, որ երիտասարդներ են մահանում. նրանք մեր եղբայրական ազգերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի գենոֆոնդն են։ Այս հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իմ խորին կարծիքով, ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին», — նշել է նա։
Ղազախստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Աստանայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ անփոփոխ է մնում։
«Մի կասկածեք, մենք միշտ համարել և շարունակում ենք համարել Ռուսաստանը մեծ ազգ։ Մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը և դաշնակցային հարաբերություններին, անկախ նրանից, թե որքան դժվար կարող են լինել դրանք», — ընդգծել է նա։
Տոկաևի խոսքով՝ երկու երկրների միջև հակամարտությունը միջպետական հակամարտություն է։
«Սա քաղաքացիական պատերազմ չէ։ Մենք միշտ հարգել ենք Ուկրաինային։ Այս հակամարտության բնույթը շատերի համար անհասկանալի է», — ասաց նա։
Տոկաևը նաև նշել է, որ Պուտինը «Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ ցուցադրել է առավելագույն դիվանագիտական ճկունություն»։
![]()