![]()
«ԹՐԻՓՓ նախագիծը գործնականում կարող է նպաստել տարածաշրջանային լոգիստիկ շղթաներին և համակարգերին միանալուն»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադարձ կատարելով ԹՐԻՓՓ նախագծի հնարավորություններին և դրա արդյունքներին:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 16-ի հերթական նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ սկսում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ ՍԴ և ՍԴ-ի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմեն ԱԺ:
Վերլուծաբանի գնահատմամբ՝ նախագիծը իր հետ կարող է բերել, թե՛ տնտեսական զարգացման, և թե՛ անվտանգային նոր հնարավորություններ:
«Եթե Հայաստանը դառնում է միջազգային խոշորագույն լոգիստիկ շղթաների մաս, ապա դա նշանակում է, որ այստեղով անցնող փոխադրումներին կարող են հեշտությամբ միանալ նաև Հայաստանի բեռները, այդ թվում գյուղատնտեսական և արդյունաբերական նշանակություն ունեցողները: Հնարավորություն է ստեղծվում տարբեր ապրանքների արտահանման համար: Հնարավորություն է ստեղծվում անհրաժեշտ ապրանքների՝ հումքի, պահեստամասերի հեշտ ներմուծման համար: Այսինքն, տրանսպորտի վրա կատարվող ծախսերը, որոնք միշտ իրենց մեծ ազդեցությունն ունենում են ապրանքների գնագոյացման մեջ, նվազելու են»,- ասաց Խուրշուդյանը և հավելեց, որ այս տեսակետից ամենակարևորը Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տնտեսական համընկնող շահերի առաջացումն է:
Նրա գնահատմամբ այս հանգամանքը էապես նվազեցնում է «նոր էսկալացիայի գնալու գայթակղությունը Ադրբեջանի համար»: «Մյուս կողմից սա Հայաստանի՝ Ռուսաստանից անկախությունն է ավելացնում, աշխարհաքաղաքական կշիռն է ավելացնում, որովհետև Հայաստանը հնարավորություն է ունենալու շրջափակման ենթարկվելու դեպքում փակել այս ուղին, որովհետև ԹՐԻՓՓ-ը ենթադրում է ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ճանապարհի բացում, այլ նաև Թուրքիայով և Ադրբեջանով ճանապարհների բացում Հայաստանի համար: Օրինակ, եթե Ադրբեջանը որոշի շրջափակել Հայաստանին, բանականաբար Հայաստանն էլ կարգելափակի իր կողմից, և դարա համար պատասխանատու կողմը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, լրջագույն ճնշումների տակ է ընկնելու միջազգային հանրության՝ նախ և առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի կողմից»,- ասաց Խուրշուդյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ արդյունքներ կարող է ունենալ նախագծի մեջ Ռուսաստանին չներգրավելը, չնայած Մոսկվայից հաճախ հնչող հայտարարություններին, բանախոսը բացատրեց. «ԹՐԻՓՓ-ի մեջ Ռուսաստանի՝ որպես երրորդ կողմ չներգրավելը ոչ միայն դրական արդյունք կարող է ապահովել, այլ նաև այլ կերպ հնարավոր չէր, որովհետև եթե Ռուսաստանը «քիթը խոթեր» այստեղ, ապա Միացյալ Նահանգները երբեք չէր ֆինանսավորի մի բան, որը մեծացնում է Ռուսաստանի ազդեցությունը»:
Ըստ Խուրշուդյանի նախագիծը շահավետ է նաև Բաքվի համար, սակայն այլ հարց է, որ Ադրբեջանը ուներ մաքսիմալիստական նպատակներ և ձգտում էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցով ստանալ այսպես կոչված «միջանցք»:
«Բարեբախտաբար Միացյալ Նահանգների ներգրավումը թույլ չտվեց Բաքվին իր նպատակներին հասնել, որի արդյունքնում ստանում է ճանապարհ, որը անցնելու է Հայաստանի սուվերեն տարածքով, Հայաստանի վերահսկողության ներքո, որտեղ հայկական կողմը մաքսային վերահսկողություն է իրականացնելու, ստանալու է իր մաքսատուրքերը: Սահմանային ստուգումներն էլ հեշտացված ընթացակարգերով են լինելու, հատուկ սարքավորումների միջոցով, բայց ամեն դեպքում տարանցող բեռները ստուգվելու են, Հայաստանի կողմից վերահսկողություն լինելու է: Բնականաբար, այս մասով Ադրբեջանը իր նպատակներին չհասավ»,- ասաց վերլուծաբանը:
Նա նաև հավելեց, որ չնայած նման նախնական ձգտումներին ադրբեջանական կողմի համար նախագիծը շարունակում է շահավետ մնալ, քանի որ նվազեցնելու է տարանցման հարցում Իրանից, մասամբ էլ՝ Վրաստանից ունեցած կախվածությունը:
«Այլ հարց է, որ Բաքուն դժվարությունների մեջ է հայտնվել, քանի որ Պուտինին խոստացել էր, որ այստեղի ճանապարհի վրա պետք է կանգնեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության զորքերը և ճանապարը վերահսկեին: Եվ սա պայմաններից մեկն էր, թե ինչու Պուտինը Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ սկսած 2020 թվականից և ավարտված 2023 թվականով: Բայց փաստորեն Ալիևը ակամայից «քցում է» Ռուսաստանին, որովհետև ԱՄՆ-ի ներգրավումը իրեն այլ հնարավորություն չի տալիս: Եվ այս ամենի արդյունքում հայտնվում է Ռուսաստանի ճնշումների տակ: Այդ ճնշումները տեսանելի դարձան, երբ ռուսական կողմը խոցեց ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռը, որը ոչ այլ ինչ էր քան պատժիչ գործողություն, և վերջացավ ՌԴ-ում Ադրբեջանից բիզնեսմենների հալածանքներով, ունեզրկումներով և այլն: Այս ամենով Կրեմլը իր դժգոհությունն էր ցույց է տալիս Բաքվի կողմից պայմանավորվածությունները խախտելու հանգամանքով»,- նշեց Խուրշուդյանը:
Վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանի հույսերը արդարացնելու Ադրբեջանի վերջին ճիգերը դրսևորվում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի տեսքով, որը ըստ բանախոսի, ակներեւաբար չի կարող տեղի ունենալ Հայաստանում՝ Ալիեւի ճնշման տակ:
«Ադրբեջանի նախագահ Ալիևը սա հասկանում է և հույս ունի, որ խաղաղության չստորագրման պատասխանատվությունը միջազգային հանրության ու, նախեւառաջ ԱՄՆ-ի առջեւ կընկնի Հայաստանի վրա, Ալիեւն էլ կարդարանա Ռուսաստանի առաջ, որ ինչ որ խոչընդոտ ստեղծեց անկայունությունը վերջնականապես հաղթահարելու հարցում և դրա խորապատկերին ՌԴ-ի համար ազդեցության լծակ թողնելով տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով հարմար պահին կոնֆլիկտը խորացնելու ճանապարհով Հայաստանի վրա ազդելու»,-բացատրեց Խուրշուդյանը:
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությանը՝ վերլուծաբանը ասաց, որ Հայաստանի դեմ Ռուսաստանն արել է իր ձեռքի տակ եղած հնարավոր ամեն ինչ, չնայած որ Երևանը Մոսկվայի նման գործողությունների համար որևէ առիթ չէր տվել:
«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի դեպքում Ռուսաստանը ոչ թե ռեակցիոն, այլ պրոակտիվ հակահայկական քաղաքականություն է վարում: Այսինքն, հենց սկզբից էլ Մոսկվան որոշել էր զոհաբերել Հայաստանը՝ ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական շահերի օգտին՝ փորձելով նրանցից ստանալ որոշակի շահաբաժիններ, նրանց զիջելով որոշակի շահաբաժիններ Հայաստանից. Կլիներ դա Արցախում, թե ճանապարհների հարցում: այդ հարցում ինչը որ չի ստացվում ռուսական կողմի մոտ՝ նա փորձելու է բարդել Հայաստանի վրա, որպեսզի փորձի ինչ որ հավելյալ բաներ Երևանից պոկել: Բայց Մոսկվան սա չի կարողանում անել՝ գործիքակազմի թուլացման պատճառով։ Նախկինում գործիքակազմը նախ Ալիևի ռեժիմն էր, հիմա դա այլևս չի գործում՝ եվրոպացի դիտորդների եւ ԱՄՆ-ի ներգրավման պատճառով, ապա՝ Հայաստանում հինգերորդ շարասյունն էր, որը ուժասպառ վիճակում է, վերջապես՝ տնտեսական պատժամիջոցներն էին, որոնք հիմա գործարկվում են ու առանձնապես արդյունք չեն տալիս, այնպես որ նախկին լծակները որոնցով որ ճնշել է Հայաստանին այսօր այլևս չունի: Առնվազն նույն ծավալով։ Սա նաև այն պատճառով, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին, իսկ Արցախը մեր համար անկյունաքարային հարց էր և Կրեմլը պարտավորվածություն ուներ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, ինչը չարեց ո՛չ 2020թ․-ին եւ ո՛չ էլ 2023-ին։ Դա թեեւ ծանր գին արժեցավ մեզ համար, սակայն մյուս կողմից՝ մեր ձեռքերը ազատվեցին»,-նշեց Խուրշուդյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հանդիպում կլինի ԹՐԻՓՓ-վ անցնող ադրբեջանցիների ու հայ բնակչության միջև, և նման դեպքում արդյո՞ք կողմերը հանդուրժողական կգտնվեն, քաղաքագետը բացատրեց, որ ԹՐԻՓՓ-ի դեպքում դեռևս գործարկվելու է երկաթգիծը, որը նման շփումների հավանականությունը նվազեցնում է, սակայն այլ հարց կլինի ավտոճանապարհների բացումը:
Այստեղ բանախոսը կարևորեց բնակչության շրջանում հանդուրժողականություն տարածելու աշխատանքների ծավալումը, որն արդեն արվում է քաղհասարակության մակարդակով:
«Կա երկու նախագիծ որը արվում է, մեկը դա «Խաղաղության կամուրջն է», սա արվում է քաղհասարակությունների մակարդակով, չնայած Ադրբեջանի պարագայում դա մի քիչ պայմանական է, քանի որ այնտեղ դրանք հովանավորվում և ուղորդվում են Ալիեւի վարչակազմի կողմից: Սակայն մենք էլ զուգահեռաբար Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ ունենք մեկ այլ երկխոսության ծրագիր ադրբեջանական իրական քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք այն ադրբեջանցիներն են, ովքեր վտարանդի են սեփական հայրենիքից եւ արտասահմանում, հիմնականում՝ Եվրոպայում են ապրում ու հետապնդվում են Ալիևի ռեժիմի կողմից: Մենք իրենց հետ փորձելու ենք հայ-ադրբեջանական խաղաղ համակեցության ապագայի տեսլական ձևավորել»,- նշեց Խուրշուդյանը:
Քաղաքագետը նաև բացատրեց, որ հնարավոր չէ ժամկետներով նշել, թե որքան կպահանջվի որպեսզի դուրս մղվի պատերազմական շրջանի փոխադարձ ատելության քարոզչության հետևանքները:
«30-ամյա կոնֆլիկտի հոգեբանական նստվածքը հնարավոր չէ մի քանի տարում հաղթահարել: Հատկապես 44-օրյա պատերազմի զոհերի հարազատների ու Արցախից բռնագաղթեցված մեր հայրենակիցների մոտ այդ հիշողությունները և զոհերի ցավերը թարմ են, և ոչ միայն իրենց մոտ, այլ նաև մեզ՝ բոլորիս մոտ: Ատելության մակարդակի նվազեցումը, փոխադարձ հանդուրժողականության աճը, բնականաբար, կարող է նպաստել վերադարձի խնդրի լուծմանը, որովհետև եթե ատելությունը պահպանվի, ապա վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Եթե Ադրբեջանում իշխանություն փոխվի ու ժողովրդավարական իշխանություն գա, հասարակությունը ավելի նորմալ վերաբերի հայերին, արդեն արցախահայերը կկարողանան վերադառնալ Արցախ՝ ապրելով բնականաբար այնպիսի օրենսդրության ներքո, որը կտա երաշխիքներ, որ իրենց նկատմամբ խտրականություն եւ ապօրինություններ չեն դրսևորվի»,- նշեց բանախոսը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի կողմը առավել ակտիվ է հանդուրժողականության սերմանման ուղղությամբ կատարվող քայլերում, քանի որ հենց իշխանություններն են ձգտում հանդուրժողկանության մթնոլորտ ձևավորել ադրբեջանցիների հանդեպ, մինչդեռ Ադրբեջանի պարագայում դա դեռ թույլ է նկատվում: Խուրշուդյանը սա կապեց նախագահ Ալիևի մոտ դեռ հաղթանակի էյֆորիայի պահպանմամբ, որի արդյունքում անհանդուրժողականությունը, հիշաչարությունը դեռ դրսևորվում է տարբեր ձևերով:
Անդրադառնալով նաև այն հարցին, թե էլ ինչպիսի նոր խոսույթներով կարող է ընդդմիությունը վարկաբեկել ԹՐԻՓՓ նախագիծը, որը ներկայացվում էր որպես Հայաստանի ինքնիշխանության զիջում, Խուրշուդյանը պատասխանեց. «Վարկաբեկման հաջորդ քայլերը կախված են ընդդիմության ստորության աստիճանից, մանիպուլացիոն ռեսուրսներից և ստեր հորինելու «ստեղծարար կարողությունից»: Ընդդիմության նարատիվները տապալվում են, քանի որ ստի ոտքերը կարճ են, և նման դեպքում որևէ նարատիվ երկար կյանք չի կարող ունենալ»:
![]()