Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում ի թիվս այլնի՝ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա. Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը 2008 թվականի փետրվարի 12-ին կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով հատկացրել է ֆիզիկական անձի:

Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Արարատ համայնքի ղեկավարին Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի փետրվարի 12-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2026 թվականի հուլիսի 17-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող 630 քմ մակերեսով, 1 միլիոն 182 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը, 2026 թվականի հունիսի 29-ին դադարեցվել էր Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող 0.0591 հա մակերեսով, 1 միլիոն 109 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը, իսկ 2026 թվականի հուլիսի 8-ին դադարեցվել էր Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող 0.2100 հա մակերեսով, 3 միլիոն 943 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ