Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում է ստեղծել Անկախ կյանքի կենտրոնների միասնական համակարգ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագիծը, որով առաջին անգամ կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ծառայություններ մատուցող կենտրոնների ստեղծման և գործունեության միասնական կարգը։

Ո՞րն է նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-48-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 16-ի N 217-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի պահանջից:

Ներկայումս բացակայում է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ծառայություն տրամադրող, նրանց անկախ կյանքի հմտությունները զարգացնող միասնական, ստանդարտացված և պետության կողմից հավաստագրվող կենտրոնների գործունեության իրավական շրջանակը։ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է այդ բացը լրացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացը խթանելու և համայնքում որակյալ ու վերահսկելի ծառայությունների մատուցումն ապահովելու համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բախվում են համայնքային կյանքում լիարժեք ներառվելու, կենցաղային ինքնուրույն հմտություններ ձեռք բերելու, կրթության և աշխատանքի շուկա մուտք գործելու դժվարությունների։ Շատ դեպքերում այս անձինք և նրանց ընտանիքները հայտնվում են մեկուսացման մեջ, ինչը հանգեցնում է նրանց տեղավորմանը շուրջօրյա խնամքի հաստատություններում: Գործող ցերեկային խնամքի կամ զարգացման կենտրոնների ծառայությունները հաճախ հատվածական են, չունեն պետական միասնական չափորոշիչներ, պարտադիր հավաստագրման մեխանիզմներ և ֆինանսավորման ճկուն համակարգ: Բացի այդ, ներդրված «e-voucher» համակարգի (պետական հավաստագրերի) արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ունենալ հստակ չափանիշներին բավարարող կազմակերպությունների և ԱՁ-ների (Անկախ կյանքի կենտրոնների) ցանց, որոնք կկարողանան մրցակցային հիմունքներով որակյալ ծառայություններ մատուցել:

3. Կարգավորման նպատակը և բնույթը Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անկախ կյանքի կենտրոնների (ԱԿԿ) ստեղծման, պարտադիր հավաստագրման և գործունեության կազմակերպման միասնական կարգը: Մասնավորապես, նախագծով սահմանվում են.

ԱԿԿ-ների գործունեության սկզբունքներն ու նպատակները (համայնքահեն մոտեցում, խտրականության բացառում, անհատակենտրոն մոտեցում):
Հավաստագրման գործընթացը: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ծառայություններ մատուցել միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված պահանջներին (այդ թվում՝ ֆիզիկական մատչելիության, մասնագիտական կազմի, անվտանգության) բավարարելու և համապատասխան հավաստագիր ստանալու դեպքում:
Ծառայությունների տեսակներն ու տրամադրման կարգը: Կարգավորվում է դիմումների ընդունման, անձի կարիքի բազմամասնագիտական գնահատման և անհատական սոցիալական միջամտության ծրագրի կազմման գործընթացը։ Սահմանվում են տրամադրվող ծառայությունների (հոգեբանական, հատուկ մանկավարժական, կենցաղային հմտությունների զարգացման, մասնագիտական կողմնորոշման և այլն) հստակ շրջանակն ու ծավալները:
4. Ֆինանսավորման և պետության հետ համագործակցության մեխանիզմները: Ամրագրվում են ֆինանսավորման կառուցակարգերը՝ դրամաշնորհային հատկացում (ՊՈԱԿ-ներին), պետական գնում և փոխհատուցում պետական հավաստագրերի (վաուչերների) միջոցով:

5. Որակի վերահսկողության և բողոքարկման մեխանիզմները: Սահմանվում են ծառայությունների մշտադիտարկման, հաշվետվողականության և շահառուների իրավունքների պաշտպանության արտադատական բողոքարկման ընթացակարգերը։ 6. Անկախ կյանքի կենտրոնի դիդակտիկ պարագաների անվանումները, դրանց նկարագրերը և քանակները։

7. Անկախ կյանքի կենտրոնի կահույքի անվանումները, դրանց նկարագրերը և քանակները։ 8. Անկախ կյանքի կենտրոնի կենցաղային և առաջին օգնության միջոցների անվանումները, դրանց նկարագրերը և քանակները։

9. Անկախ կյանքի կենտրոնի տեխնիկայի անվանումները, դրանց նկարագրերը և քանակները։

10. Անկախ կյանքի կենտրոնի այլընտրանքային հաղորդակցման պարագաների անվանումները, դրանց նկարագրերը և քանակները։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի աջակցության ինստիտուցիոնալ և վերահսկելի համակարգ։ Արդյունքում կապահովվի. 1) Հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ երեխաների) անկախ ապրելու հմտությունների զարգացումը և համայնքային կյանքին լիարժեք մասնակցությունը։ 2) Ընտանիքներին մասնագիտական ու հոգեբանական աջակցության տրամադրումը՝ նվազեցնելով նրանց խոցելիությունը և նպաստելով զբաղվածության խնդիրների լուծմանը։ 3) Սոցիալական պաշտպանության խնամքի հաստատություններում գտնվող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացի արագացումը և նրանց մուտքի հաստատություններ կանխարգելումը։ 4) Ծառայությունների մատուցման ոլորտում մրցակցության խթանումը՝ պետական հավաստագրերի (վաուչերների) միջոցով նպատակային ֆինանսավորման մեխանիզմի կիրառմամբ, ինչը կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանը։

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ