Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարաետյանն անդրադարձել է Ծառուկյանի առյուծի անկմանն ու դրան հետևած աղմուկին։

«Գագիկ Ծառուկյանի կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ո , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:

Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:

Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը», գրել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ:

Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հաստատել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ