Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

Շիրակի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա. Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը օրենքի խախտմամբ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին Աշոցք համայնքի ղեկավար Ա. Ա.-ի որոշմամբ՝ Աշոցք գյուղում գտնվող 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին Աշոցք համայնքի ղեկավար Ա. Ա.-ի որոշմամբ՝ 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Վերոգրյալի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունը Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրի արդյունքում Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ