![]()
«Ունենք մեծ քանակությամբ զբոսաշրջիկների հոսք, որը վերջին տարիների առաջին 6 ամսվա համար համարվում է ռեկորդային»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց զբոսաշրջության ոլորտի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը:
Նշենք, որ 2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ։
Գևորգյանի խոսքով՝ նվազել է կազմակերպված տուրիզմը, հիմնականում մարդիկ իրենք են ամրագրումներ անում ու կազմակերպում իրենց հանգիստը: Ըստ նրա՝ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի կազմակերպված տուրիզմն ավելի շատ լինի:
Փորձագետը նշեց, որ վերջին տարիներին Լոռին է, որ զարգանում է շատ արագ տեմպերով. «Լոռիում այժմ բացվում են բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, հանրային սննդի վայրեր, պետք է կարողանանք մեր զբոսաշրջային արդյունքը դիվերսիֆիկացնել: Եթե տարիներ շարունակ մեզ համար ավելի զբոսաշրջային վայրեր են համարվել Ծաղկաձորը, Դիլիջանը, Աղվերանը, ապա այժմ այդ մասով կարող ենք ասել, որ նաև այլ մարզեր են զարգանում: Այո, կան ենթակառուցվածքներ, որոնք դեռևս չեն բավարարում, կան շատ պատմամշակութային վայրեր, որոնց մատչելիությունը դժվար է՝ ելնելով ճանապարհներից, ունենք շատ զբոսաշրջային վայրեր, որտեղ սանհանգույցների խնդիր կա, ցուցանակների հետ կապված էլ խնդիրներ կան, դրանց մի մասը մաշված են, կամ ընդհանրապես չկան, ինչն ավելի ոչ գրավիչ է դարձնում մեր զբոսաշրջիկների համար այդ վայրերը»:
Գևորգյանը նկատեց, որ զբոսաշրջության ոլորտում հիմնական ներդրման ահռելի մասը բաժին է հասնում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին. «Կառուցվում են բազմաթիվ հյուրանոցներ, դա նշանակում է, որ որոշակի առումով կա հետաքրքրություն, բայց գլոբալ առումով մենք դեռևս շատ քայլեր ունենք անելու: Իրականում ենթակառուցվածքները մեծ խթան են, բայց դրան զուգահեռ պետք է փորձենք շատ ակտիվ մարքեթինգային քաղաքականություն վարել դրսում»:
Վլադիմիր Գևորգյանի կարծիքով՝ ժամանցն ապահովելը մեզ մոտ միշտ խնդիր է եղել՝ հատկապես մարզերում. «Զբոսաշրջիկները մեկնում են, երեկոյան ժամերին չգիտեն ինչով զբաղվել, շատ սրճարաններ, ռեստորաննր փակ են, ակումբներ ընդհանրապես չկան, այդ մասով էլ որոշակի քայլեր կան: Դիլիջանում, Ծաղկաձորում բազմաթիվ ռեստորաններ, ժամանցի վայրեր կան, որոնք մինչև ուշ ժամն աշխատում են, մարդիկ կարողանում են որոշակի առումով երեկոյան ժամերին իրենց հանգիստ կազմակերպել: Շատ դեպքերում տնտեսվարողների համար դժվար է պահել նմանատիպ վայրեր, որովհետև կա հստակ արտահայտված սեզոնայնություն, դրանից հետո նման վայրեր պահելը տվյալ տնտեսվարողի համար լինում է ոչ շահութաբեր»:
ՀՀ-ում հանգստի գները՝ ըստ փորձագետի բարձրացել են. «Հատկապես դա արտահայտված է Դիլիջանում: Պատճառները մի քանիսն են՝ սեզոնայնություն, մեծ պահանջարկ, գնաճ: Համաձայն եմ, որ Վրաստանում որոշակի առումով մատչելի է, բայց այնտեղ էլ գները բարձրացել են: Վրացին գալիս է ՀՀ և սպասարկումից մնում է ապշած, մեզ մոտ բավականին բարձրակարգ սպասարկում ունենք, պետք է հասկանալ ինչն ենք ինչի հետ համեմատում: Այո, շատերն ասում են՝ ավելի լավ է գնանք Վրաստան, հասկանում եմ, որ վերջնարդյունքում ընտրություն են կատարում բյուջեով: Եթե ՀՀ-ում պետք է մնալ 4-5-աստղանի հյուրանոցում 2-3 օր, կարող է Վրաստանում նույն գումարով մնան 7 կամ 10 օր, բայց վատ վիճակում գտնվող տնակում»:
![]()