Թող փորձեն, բայց սա ուղղակի զատիկից հետո կարմիր ձու ներկելուն հավասար մի բան է. Լիլիթ Ստեփանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի փողոցային պայքար սկսելու մասին

«Այս հայտարարություններն այդ ուժի ներկայացուցիչներից առաջին անգամը չէ, որ լսում ենք: Սա ասելով նրանք կասկածի տակ են դնում պետությունը, պետական ինստիտուտները, կառույցները և խոսում են, որ իրենք ամբողջ ՀՀ-ն դիտարկում են որպես բիզնես տարածք, իսկ ՀՀ ժողովրդին կվերաբերեն ինչպես իրենց բիզնեսի աշխատակիցներին, կուզեն 1 դրամ կտան, չեն ուզի՝ չեն տա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե իր աշխատավարձը լինելու է 1 դրամ՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Անդրադառնալով պարգևավճար ստանալու շահարկումներին՝ Ստեփանյանը նշեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ և պաշտոնապես հայտարարում եմ, որ պատգամավորները պարգևավճար ստանում են սեպտեմբերի 21-ին և հուլիսի 5-ին, վերջին 5 տարիների ընթացքում եղել են դեպքեր, որ ստացել ենք նաև 13-րդ աշխատավարձ, դրանք բոլորն օրինական են: Ես ցավոք չունեմ Նարեկ Կարապետյանի հնարավորությունները՝ հայտարարելու, որ հրաժարվում եմ աշխատավարձից, որովհետև դա կնշանակի, որ ըստ երևույթին իմ հայրը կամ հորեղբայրն ինձ թողել են մի հսկայական կայսրություն, որով պայմանավորված էլ ես կարող եմ արտոնյալ դիրք ունենալ մյուս գործընկերների նկատմամբ: Եթե նրանց ուժի մյուս պատգամավորներն էլ են համաձայն այս ձևակերպման հետ, ուրեմն գործ ունենք խայտառակ պայմանավորվածությունների հետ»:

Խոսելով Սամվել Կարապետյանի այն հայտարարության մասին, թե փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական՝ պատգամավորն ասաց. «Ինչպես ֆիլմում է ասվում՝ «վայ-վայ-վայ, շատ վախեցանք, ցնցումների մեջ ենք», փողոցային պայքարները ՀՀ-ի քաղաքական կյանքի անբաժանելի մասն են, սա նորմալ երևույթ է: Ինչ վերաբերում է մեծ-մեծ խոսելուն, որ կլինի մեկ անգամ և վերջնական, այդ նույն Սամվել Կարապետյանն ասում էր, որ այդ 1 ու կես միլիոնը ամենամեծ դարդն էին, որ իրենց խաբեցին, այս խոստովանությունը տարբեր շերտեր է բացում հետևություններ անելու համար: Բացառում եմ, որ իրենց փողոցային պայքարը կարողանա ունենալ այն թվով մարդկանց ներկայություն, որով իրենք փորձելու են իբր իշխանության լեգիտիմ հիմքերը տապալել, բայց թող փորձեն, իմ ներքին համոզմամբ սա ուղղակի զատիկից հետո կարմիր ձու ներկելուն հավասար մի բան է: Հայ ժողովուրդը նրանց հավատաց այնքան, որքան նրանք ձայներ ունեն, եթե դրանից էլ հանենք այն մարդկանց թիվը, որոնց սպառնալիքի, նյութական շահագրգռվածության, քաղաքական խոստումներով պայմանավորված բերեցին, որ իրենց ընտրեն, կմնա երևի Նարեկ Կարապետյանը, իր հայրը, իր հոպարը և մի քանի համախոհներ»:

Լիլիթ Ստեփանյանն անդրադարձավ նաև ընդդիմությանը մանդատները վերցնելուն. «Մենք մանդատը վերցրել ենք, որովհետև գնացել ենք ընտրությունների քաղաքացիների հստակ առաջարկներով, հստակ ծրագրերով և դրա համար ստացել ենք մանդատ: Ես կլինեմ Աժ-ում, թե չեմ լինի՝ դեռ չգիտեմ, բայց մենք գնալու ենք ԱԺ մեր խոստումներն իրականացնելու նպատակով: Քաղաքագիտությունն ու իրավագիտությունը հստակ տալիս են սահմանում, որ եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները՝ հաշտ է ընդդիմության արդյունքների հետ, ընդունում է ընտրությունների արդյունքները և ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը, մնացած ամեն ինչը քաղաքականություն է, իրենց համախոհների աչքում դեռ ինչ-որ բան ներկայացնելու շանսեր են կամ ջղաձգումներ: Ինչպես Մարկ Տվենն էր ասում՝ եթե էլ չգիտես ինչ ասես՝ ասա ճշմարտությունը, թող ասեն, որ հաշտ են ընտրության արդյունքների հետ, վերցնում են մանդատները և գալիս են ԱԺ: Իրենք պայքարել են պատվավոր երկրորդ տեղի համար, մնացած բոլոր հեքիաթներն արդեն ծիծաղելի էլ չեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ