Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։

Նշենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32 կմ երկարությամբ ճանապարհ։

Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։

Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին:

Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ