![]()
Գիտական հետազոտությունները փաստում են, որ փրփրապլաստից պատրաստված միանգամյա օգտագործման տարաները տաք սննդի կամ հեղուկի հետ շփվելիս արտազատում են ստիրոլ։ Այս տոքսիկ քիմիական նյութն ունի կուտակային ազդեցություն, բացասաբար է անդրադառնում մարդու նյարդային համակարգի վրա և միջազգային առաջատար կառույցների կողմից դասակարգվում է որպես հնարավոր քաղցկեղածին։
Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, բացի այդ, բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև յուղոտ կամ թթվային միջավայրի ազդեցության տակ տեղի է ունենում պլաստիկի տրոհում։ Արդյունքում՝ անզեն աչքով անտեսանելի միկրոպլաստիկը թափանցում է սննդամթերքի մեջ, իսկ այնտեղից՝ մարդու օրգանիզմ։
Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝ առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում, հանրային սննդի օբյեկտներում, բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։
![]()