Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, ձերբակալությանը և այդ թեմայի վերաբերյալ շահարկումներին:

«Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է։

Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է, որը միշտ քաղաքականությունը օգտագործել է իր բիզնեսի սպասարկման համար, և որին (վերջին կես տարում) օգտագործեցին մեր ընտրություններին միջամտելու համար։

Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ»,- գրել է Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։

Կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ