![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության շահերը չեն համընկնում՝ և՛ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական առումներով:
Ըստ նրա՝ ռազմաքաղաքական առումով ՌԴ-ն այստեղ այլևս դերակատարում չունի, սակայն շարունակում է արգելակել ՀՀ-ի տնտեսական զարգացումը, ինչպես արգելակում էր ռազմականը:
«Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ Պուտինի հետ հանդիպման նախերգանքն է: Ես շարունակում եմ պնդել, որ Պուտինը շնորհավորելու է Փաշինյանին հայտարարության տեսքով կամ ձեռքսեղմումով: Եթե վարչապետը գնա, Պուտինը նրա ձեռքը սեղմի, ուրեմն ճանաչում է ընտրությունների արդյունքները»,- ասում է նա:
Զրուցակցի նկատառմամբ՝ ՌԴ-ն ցանկանում է մասնակից լինել այն գործընթացներին, որտեղ կան ՀՀ-ն ու ԱՄՆ-ն, դիցուք՝ TRIPP-ը. «Իրենց ուղեղում դրոշմված է, որ Հայաստանն իրենցն է»:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Ստեփանյանը նկատում է՝ ընդդիմությունը գիտեր, որ Սահմանադրական դատարանը մերժելու է:
«Ինչ փոխվեց, որ մինչ այս չէին հայտարարում մանդատները վերցնելու մասին, երևի մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու Հայաստանի վրա, և ամեն ինչ կչորանա: Եթե դու գնում ես ԱԺ, Ղարաբաղի դրոշն էլ տնկում ես դեմդ, նշանակում է՝ իշխանության հետ գնում ես գործարքի, ընդունում ես ընտրությունների արդյունքները»,- ասում է Ստեփանյանը:
Քաղաքագետը նաև բացառում է, որ ընդդիմությունը դուրս կգա փողոց, քանի որ ըստ նրա՝ փողոց գեներացնելու համար այդ էլեկտորատը չունեն:
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները պետք է հարցեր տան. «Եթե մոտակա մեկ տարվա ընթացքում ՔՊ-ն 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան չբերեց, ընդդիմությանը ձայն տված կես միլիոն մարդիկ պետք է հարցնեն՝ ուր են բա, կարող է խաբում ու վախեցնում էին, որ սխալ որոշում կայացնեն մարդիկ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()