![]()
Հուլիսի 6 -ին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են հաշվառման-քննական ծառայությունների բնագավառում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում իրականացված փոփոխությունները։
Վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կարող է 1 տարվա ընթացքում դիմել և, վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, վերականգնել վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։
Վերականգնման դեպքում սահմանվելու է 1 տարի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։
Փորձաշրջանի ընթացքում 6 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։
2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։
Դիմելու ժամկետներն են՝
▪️հուլիսի 6-ից սկսած 1 տարվա ընթացքում, եթե զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը,
▪️զրկման ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե այն լրանալու է հուլիսի 6-ից հետո։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
Տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարերի փոփոխությունը․ կնախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր։
Բանախոսները պատասխանել են նաև լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։
![]()