ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և համակարգմամբ հայկական ընկերությունները հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բեռլինում մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական և ներդրումային ցուցահանդեսին, որն անցկացվել է Messe Berlin ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների, թվային ենթակառուցվածքների և այլ առաջադեմ ուղղությունների վերջին զարգացումները: Միջազգային հեղինակավոր այս հարթակը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ընդլայնելու գործընկերային ցանցը, ներկայացնելու սեփական տեխնոլոգիական լուծումները և ձևավորելու համագործակցության հեռանկարներ նոր շուկաներում:

Միջոցառման ընթացքում հայկական միասնական տաղավար են այցելել ցուցահանդեսի կազմակերպիչները, միջազգային պատվիրակություններ, ներդրողներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի և Ղազախստանի դեսպանությունների ներկայացուցիչները:

Ցուցահանդեսի ընթացքում նախարարության պատվիրակությունը B2B հանդիպումներ և բանակցություններ է նախաձեռնել հայկական ստարտափների և միջազգային գործընկերների միջև՝ նպաստելով համատեղ ծրագրերի մեկնարկին և հայկական լուծումների՝ եվրոպական շուկայում տեղայնացման հնարավորություններին։

Այցելուներին ներկայացվել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, նախարարության ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունները։

Հայաստանի մասնակցությունը «GITEX AI EUROPE 2026»-ին միտված է երկրի տեխնոլոգիական ներուժի միջազգայնացմանը, նորարարական էկոհամակարգի ճանաչելիության բարձրացմանը, համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ինչպես նաև հայկական ընկերությունների մրցունակության ամրապնդմանն ու ներդրումային հետաքրքրության ձևավորմանը։

Միջոցառման ավարտին հայկական տեխնոլոգիական ընկերությունները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները:

«GITEX AI EUROPE»-ը Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական հարթակներից է, որը համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին, ներդրողներին, ստարտափներին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին ու քաղաքականություն մշակողներին՝ ստեղծելով նոր համագործակցությունների, գործարար կապերի և նորարարական լուծումների ներկայացման արդյունավետ միջավայր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ