Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մանդատները վերցնելու մասին ընդդիմության արած հայտարարություններին ու տրվող «բացատրություններին»:

«Կալուգացու եղբոր՝ Սերժի աշխատակազմի ղեկավարի որդին հերթական անգամ խրոխտ ձայնով ու լուրջ դեմքի արտահայտությամբ փորձում է համոզել հանրությանը, թե իբր պայքարում է ՔՊ-ի դեմ, սակայն այդ ներկայացումն այլևս ոչ մեկին չի համոզում։

Նախ՝ դուք վստահություն չեք ներշնչում, երկրորդ՝ հայրենասիրության և պայքարի մասին խոսելուց առաջ արժեր ծառայել բանակում, կանգնել սահմանին և անձնական օրինակով ապացուցել ձեր խոսքերի արժեքը, ոչ թե այսօր փորձել ներկայանալ որպես ժողովրդի փրկիչ։

Եվ ամենակարևորը՝ մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ։ Դուք երբեք ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնող կամ առաջնորդող գործիչ չեք եղել, դուք ընդամենը կամք կատարող եք, սովոր հրահանգներ ստանալ և դրանք իրականացնել։

Այսօր անցել եք «Պլան Բ»-ին. վերցնել մանդատները, մտնել խորհրդարան և այնտեղ պայքարի իմիտացիա ստեղծել միայն ձեր համակիրներին պահպանելու և ձեր քաղաքական հովանավորների սպասելիքներն արդարացնելու համար։

Իրական քաղաքական պայքարը պատասխանատվություն, սկզբունքայնություն և ինքնուրույնություն է պահանջում, իսկ ձեր քաղաքական վարքագիծը ցույց է տալիս ճիշտ հակառակը»,- գրել է Քլոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ