Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Հուլիսի 3-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմաններում ավտոմեքենա կա կայանված, որում էլ՝ դի։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, գերեզմանների տարածքում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, որն այցելել է իր հարազատի գերեզմանին, իսկ հետո նրան հայտնաբերել են ավտոմեքենայում մահացած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ