Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

«Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին»:

Այս խոսքերով է իր վերջին ելույթը ԱԺ արտահերթ նիստում սկսել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով դահլիճում ներկա պատգամավորներին:

«Ես անկեղծ, շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար չենք կասկածել: Նաև լավ բաների համար եմ հպարտ, որ էն ճամփորդությունները, էն իրադարձությունները, այն բանակցություններն ու միջազգային հանդիպումները, որը միասին ենք իրականացրել, իրոք պատմական են»,- հայտարարել է Սիմոնյանը:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով գործընկերներին, Ալեն Սիմոնյանը շնորհակալանքի խոսքեր է հղել նաև աշխատակազմի անդամներին, հաջողություն մաղթել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

Սիմոնյանը նաև նշել է, որ եթե իր աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար է եղել, թող ներողամիտ լինեն իր հանդեպ:

«Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ, ու որքան կարևոր եք բոլորդ ինձ համար:

Եվ վերջում՝ կեցցե՛ն նահատակները, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- խոսքը եզրափակել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հրաժարվում է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած պատգամավորական մանդատից:

«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասել է նա:

Սիմոնյանը նշել էր, որ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրավիճակին ու ասել, որ նախապես չեն պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։

«Նոր իրավիճակ է, կհասկանանք։ Այս իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Իմ դիրքորոշումը նոր պետք է ձևավորեմ, իրադրությունն ինձ համար նոր է»,- ասել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ