Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագրերը կարևոր հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու և արտահանողների ծախսերը նվազեցնելու համար։

«Մասնավորապես, այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր տվյալ երկրի հետ, հայկական ծագման ապրանքների արտահանման ժամանակ, սահմանված պահանջների պահպանման և ապրանքի ծագումը հավաստող համապատասխան փաստաթղթի՝ ծագման սերտիֆիկատի առկայության պարագայում, արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից։ Սա նշանակում է, որ ներմուծող երկրում մաքսային ձևակերպումների ընթացքում համապատասխան ապրանքների նկատմամբ մաքսատուրք չի գանձվում՝ գործող ազատ առևտրի համաձայնագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում։

Նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես ուսումնասիրել իրենց ապրանքատեսակների նկատմամբ կիրառելի պայմանները, այդ թվում՝ ծագման կանոնները, անհրաժեշտ փաստաթղթերը և ներմուծող երկրի մաքսային ընթացակարգերը։ Ծագման սերտիֆիկատի պատշաճ ձևակերպումը կարևոր նախապայման է ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանման խթանման, շուկաների դիվերսիֆիկացման և արտահանողների համար առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին առավել ակտիվորեն օգտվել Հայաստանի Հանրապետության գործող առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից՝ նպաստելով հայկական ապրանքների միջազգային շուկաներում ներկայացվածության ընդլայնմանը։

Ազատ առևտրի համաձայնագրերի ցանկը՝ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ