«Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։
Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ