![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի, դրա պատճառների և հետևանքների, ինչպես նաև քաղաքական այլ հարցերի շուրջ:
Հարցազրույցը՝ ստորև.
— Պարո՛ն Սաֆարյան, վստահաբար տեսել եք հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը: Ինչպե՞ս եք գնահատում, և արդյոք սա բխո՞ւմ է պետության և քաղաքացիների շահերից, որոնց քվեների շնորհիվ են ձևավորվել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունները:
— Որևէ մեկի շահերից չի բխում, այդ թվում՝ դա կատարողների: Միայն այն, որ հայտնվել են միջազգային լրատվամիջոցներում նման ձևով, հերիք է: Կներեք, բայց դա ո՛չ կարող ենք ժողովրդավարության տակ վաճառել, ո՛չ հասկացնել, որ օրենսդիր մարմնի գործունեություն է: Ավելին՝ հասարակության այն հատվածները, որոնք ընտրել են քաղաքական ուժերին, դժվար թե երազած լինեն, որ դա պիտի տեսնեն խորհրդարանում: Եթե նույնիսկ վերցնենք ռադիկալ ընտրազանգվածին, չեմ պատկերացնում, որ անգամ նրանց կուրախացնի ԱԺ-ում նման վիճակը:
— «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մեկնաբանում է, որ ընդամենը «տղայական» կռիվ էր:
— Անհաջող արդարացում է: Ազգային ժողովը հասարակությունն ընկալում է որպես օրենք ընդունող բարձր քաղաքական ամբիոն: Այդ ամբիոնը դժվար թե «տղայական» ընկալումների հետ ասոցացվի: Պատիվ չի բերում, որ քաղաքական գործիչները իջնեն «տղայական» հարթություն, անգամ եթե դա լինի խորհրդարանի պատերից դուրս, ուր մնաց հիանան, որ «տղայական» դրսևորումները խորհրդարանում են եղել: Ուղղակի ուզում են թեման փակել, բայց սա բացասական միջադեպ է:
— Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձագանքել է միջադեպին, հավանաբար ծանոթ եք նրա արձագանքին: Ինչպե՞ս եք գնահատում:
— Վարչապետի տված գնահատականը պատշաճ չեմ համարում, եթե անգամ իշխող քաղաքական ուժը համարում է, որ կատարվածը պատվեր էր, առաջադրանք, ինչը այդպես է: Եթե անգամ ընդունում են, որ պետք է համարժեք պատասխան տրվի, ապա երկրում արդարության, օրինականության հաստատման գաղափարը, որը ջատագովում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հակասության մեջ է դրա հետ: Պատահական չէ, որ շատ մարդիկ հարցադրում են արել, որ եթե նույն բանը տեղի ունենար, ասենք, որևէ ռեստորանում և միջավայրում, դրանից հետո կիրառվելո՞ւ էր Քրեական օրենսգիրքը: Եթե այն չի կիրառվում ԱԺ-ում, նշանակում է՝ սելեկտիվ՝ ընտրողական արդարադատություն է: Եվ, ի վերջո, իրականում ինչո՞ւ եք ընդունում օրենքներ, եթե պիտի արդարացվի ուժով քաղաքական հարցեր լուծելը:
Իշխող քաղաքական ուժը պիտի հրաշալի հասկանա, որ նպատակներին չհասնելուց հետո, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններով իշխանության փոփոխության և այլն, ՌԴ պրոքսի քաղաքական ուժերին ոչինչ չի մնացել, քան ուղղակի վարկաբեկել պետական ինստիտուտները, իջեցնել դրանց նկատմամբ վստահության աստիճանը և վարկաբեկել ժողովրդավարական պրոցեսները, որպեսզի հասարակությունը հետ կանգնի ժողովրդավարությանը աջակցելուց: Հարց է ծագում՝ եթե այս փուլում սա է այդ ուժերի առջև դրված խնդիրը և նպատակը, այդ դեպքում իշխող ուժը իրավունք ունի՞ տրվելու և խաղալու այն խաղը, որն իրեն պարտադրվել է: Կարծում եմ՝ ոչ:
— Ասացիք, որ ընդդիմությանը պատվեր է իջեցվել՝ սադրելու և հրահրելու անկարգություններ. ինչո՞ւ: Եվ արդյոք միջադեպը կապ ունե՞ր ԹՐԻՓՓ նախագծի հետ:
— Կապ ունի բոլոր որոշումների հետ, օրինակ՝ Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման, ԹՐԻՓՓ-ի, ՀՀ-ի եվրաինտեգրման… ի վերջո, գիտենք այն ամբողջ փաթեթը «խնդիրների», որոնք ՌԴ-ն ուզում է կանգնեցնել, բայց չի կարողանում: Եթե ընտրություներից առաջ նպատակն այն էր, որ դա արվի իշխանության փոփոխության տեսքով ու չի հաջողվել, ապա հիմա նույնը պիտի անել՝ հասարակության մոտ ձևավորելով զզվանք ժողովրդավարության նկատմամբ: Փորձ է արվում ժողովրդավարությունը նույնացնել ԱԺ-ում եղած ծեծկռտուքի, այլասերման հետ:
— Ինչ եք կարծում՝ ընդդիմությունը կհատի՞ բոլոր կարմիր գծերը:
— Ընդդիմության խաղալու դաշտն այդքան մեծ չէ, նրանց ուրիշ բան չի մնացել, քան ուղղակի իջեցնել նշաձողը և միավորներ հավաքել այդ հարթության վրա: Ո՛չ օրենք գրելու ցանկություն ունեն, ո՛չ այդպիսի կարողություն ու հնարավորություն: Ինչի՞ համար պետք է օրենք գրեն, երբ իրենց օրակարգը մեծ հաշվով իրենք չեն որոշում: Միակ անելիքը հասարակությանը Արևմուտքից, ժողովրդավարությունից, գործող իշխանությունից հիասթափեցնելն է:
— Պարո՛ն Սաֆարյան, վերջին շրջանում վարչապետը պարբերաբար խոսում է սահմանադրական հանրաքվե անցկացնելու կարևորության մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կփորձեն ընդդիմության հետ խոսել, քննարկել, եթե չստանան համապատասխան ձայներ, չի բացառվում նաև արտահերթ ընտրությունների սցենարը: Արդյոք դա բխո՞ւմ է պետության շահերից՝ հաշվի առնելով, թե ինչ արտաքին ճնշումների ու միջամտության պայմաններում անցան վերջին խորհրդարանական ընտրություները, և ընդդիմությունը կգա՞ այդ իմաստվ կառուցողական դաշտ, թե՞ սահմանադրական հանրաքվեն կփորձեն դարձնել հերթական տրիգերը:
— Անուղղակիորեն ստեղծված իրավիճակը խաղաքարտ է տվել Ադրբեջանին, որն արդեն բաց հայտարարում է՝ այդքան մեծ հույսեր մի կապեք խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հետ:
Իրականում սխալ կոմունիկացիա եղավ նաև իշխանությունների կողմից, քանիցս հորդորվեց վարչապետին զրույցը տանել այնպես, որ անմիջական կապակցվածություն չստանա սահմանադրական հանրաքվեն Ադրբեջանի պահանջների հետ: Ցավալիորեն այդ կապը ստեղծվեց: Եթե նույնիսկ այդ կապը չկա, հիմա, ըստ էության, առաջ շարժվելու համար սահմանադրական փոփոխությունները միայն ու միայն խաղաղության պայմանագրի հարցը առաջ մղելու համար չեն, շատ ավելի լայն կոնտեքստում խնդիր է. և՛ տարրական ճարտարապետությունը կարգի բերելու, և՛ եվրոպական ինտեգրման ու այլ առումներով: Այժմ, իհարկե, իշխանությունը ստիպված է այդ խնդիրը լուծել՝ փորձելով համոզել ընդդիմությանը: Ընդդիմությունը անգամ եթե չունենար արտաքին պատվիրատու, միևնույն է, դիրքավորվելու էր դեմ ճակատում՝ դրանով փորձելով էմոցիաներ ու համակրանքներ գողանալ՝ ասելով՝ «թույլ չենք տալու մեր երկրի ծննդյան վկայականը փոխել»:
Եթե արտահերթ ընտրություններ լինեն, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պարամետր է փոխում իշխանությունը, որ նոր ընտրություններում քվեների վաճառք չլինի, այլ արդյունքներ լինեն, իրենք ստանան սահմանադրական մեծամասնություն, կամ խորհրդարանում հայտնվեն ավելի կառուցողական ուժեր, որոնք ունակ են կոնսենսուսներ ձևավորելու: Ես հարցի պատասխանը չունեմ՝ արդյոք իշխանությունը այդ փոփոխությունները կատարո՞ւմ է, և արդյոք այդ փոփոխությունների դեպքում կերաշխավորվի՞ այն արդյունքը, որը ակնկալվում է, թե՞ ընդամենը կստիպենք ընդդիմությանը ծախսել կրկնակի: Ընդդիմության առաջնորդը միլիարդատեր է և լինելով բարդ իրավիճակում՝ քրեական գործերի ու կալանքի տակ, նրա համար խնդիր չէ, ենթադրենք, 100 միլիոն դրամ էլ ծասելը:
— Ըստ էության, թևակոխում ենք շատ ավելի տուրբուլենտ փուլ. հավանական է՝ հունվարից սկսեն ԹՐԻՓՓ-ի ֆիզիկական աշխատանքները, ԵՄ-ի հետ համագործակցությունն է խորանում, ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո ենթադրաբար նոր տեմպերով կշարունակվեն համատեղ ռազմավարական նշանակության համագործակցությունները, մյուս կողմից էլ ռուսական կողմից եկող ազդակներն են, սպառնալիքները՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս դնելու, 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու վերաբերյալ:
— Ակնհայտորեն մի խնդիր կա՝ կանգնեցնել այն պրոցեսները, որ թվարկեցիք հարցի առաջին մասում՝ ԹՐԻՓՓ-ի առաջ մղումն ու միս և արյուն ստանալը, Հայաստանի եվրաինտեգրումը, որովհետև եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ տեղի չունենան, որոնք կազդեն ԱՄՆ-ՀՀ և ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա, անշուշտ, այդ հարաբերությունները գնալով խորանալու են, իսկ ռուսական դիմադրությունը ուժեղանալու է: Եվ պատահական չէ, որ ամբողջ գործիքակազմը դրված է սպասարկման վրա, այդ թվում՝ հիբրիդայինը. խորհրդարանում տեղի ունեցածը դրա արտացոլումն է:
— Իսկ Ռուսաստանը գործողությունների կգնա՞, թե՞ սպառնալիքներով կսահմանափակվի:
— Իհարկե, կգնա, ուղղակի հասկանալ է պետք, թե այդ գործողությունները որոնք են: Այս պահի դրությամբ տեսանելի է, որ ամռանից սկսած՝ որոշակիորեն սինխրոն գործում է նաև Ադրբեջանը, և Գանձասարում տեղի ունեցածը հենց նույնատիպ մի բան էր, որովհետև ինչպես ռուսներն են փորձում դեմոնիզացնել Հայաստանին որպես իբրև թե Ուկրաինայի նման ֆաշիստական պետություն, նույն փորձը արեց Ադրբեջանը՝ Հայաստանին ներկայացնելով որպես ամեն ինչ կեղծող, պղծող պետություն:
ՌԴ-ի դեպքում դժվար է պատկերացնել, որ չունենալով ընդհանուր սահման՝ մեզ վրա կհարձակվի, մնում է Ադրբեջանը, և այստեղ պետք է հասկանալ Ադրբեջանի քայլերը, որն անընդհատ նոր պայմաններ է դնում՝ Հաջիևի ներողություն խնդրելու պահանջը, Բայրամովի անորոշ ձևակերպումները, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նույնպես ուզում է մտնել այդ խաղի մեջ՝ հասկանալով, որ Հայաստան-Ռուսատսան հարաբերությունները վատանում են, և ինքը կարող է ուղղակի շարունակել ՀՀ-ի նկատմամբ ճնշման, նախապայմանների կամ միգուցե նույնիսկ հարձակման սցենարը: Հետևաբար պետք է հասկանալ, թե որ պատուհանն է բացվելու, և թե Ռուսաստանի քայլերը որոնք են լինելու:
Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, դրանք կարող են լինել մեզ դաշինքներից դուրս դնելը՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, դժգոհություններ և վախեր սերմանելը, որովհետև այդ բոլորը բերելու են անորոշությունների: Էական է, թե ինչպես է իշխանությունը պատկերացնում այս ամբողջի կառավարումը:
![]()