Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

«ԵԱՏՄ անդամների համար անընդունելի իրավիճակ է, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրություն՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից»:

Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, թե Մոսկվայում այնքան էլ չեն հասկանում, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ:

«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ անդամ երկրների՝ կոնկրետ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել են իմ նշած բոլոր չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին՝ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում: Մինչև դեկտեմբեր փորձագետները կմշակեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական ասպեկտները՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների հետ»,- ասելէ Գազլուզինը:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների չորս նախագահները հանդես են եկել հանրաքվե անցկացնելու օգտին մոտ ապագայում, քանի որ հանրաքվեի անցկացումը, ըստ հայկական օրենսդրության, անհրաժեշտ է Հայաստանի՝ վերպետական ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու ժամանակ։

«Ուստի մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին՝ նրանց վերաբերմունքը իրենց համար այս շատ կարևոր հարցի վերաբերյալ»,-ասել է ՌԴ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում իր այսպես կոչված եվրոձգտումները՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից։

«Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին»: Ի՞նչ է մեզ ձեզ հետ ևս պետք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսված է. ընդունվել է հատուկ օրենք այդ թեմայով: Եվ ես այստեղ այլ մեկնաբանություններ չեմ տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը այն դիտարկմանն ի պատասխան, ըստ որի՝ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար և չունի թեկնածուի կարգավիճակ:

Գալուզինի խոսքով՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի ընդունած և երկրի նախագահի ստորագրած օրենք, և կան Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու գործնական քայլեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ