![]()
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների ղեկավար․ այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է Մխիթարյանը՝ նշելով, որ Yandex Armenia-ն նույնպես այս խմբի մաս է կազմում և կշարունակի ղեկավարվել իր կողմից։
Yango Group-ի կայքից տեղեկանում ենք, որ այս տեխնոլոգիական ընկերությունը գործում է Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրում, իսկ կենտրոնակայանը գտնվում է Դուբայում։
Արամ Մխիթարյանը Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել 2024-ին, իսկ այժմ, փաստորեն, պատասխանատվություն է ստանձնում Yango Group-ի ամենաարագ զարգացող տարածաշրջաններից մեկի համար։ Տարածաշրջանային մակարդակում նա կղեկավարի բիզնեսի զարգացումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։
Նման նշանակումները հազվադեպ են հայկական տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների համար և վկայում են, որ տեղական թիմերում ձևավորված կառավարման փորձը գնահատվում է նաև միջազգային մակարդակում։
![]()