Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին.Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում մանրամասներ են ներկայացվել «Հաղթանակ» այգու տարածքների վերադարձի և սպասվող բարեկարգման վերաբերյալ։

Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ԺՊ Ալիկ Վարդազարյանը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնավոր սեփականատիրոջ հետ՝ Բաբայան փողոցին հարող շուրջ 6900 քմ մակերեսով հողատարածքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ։

«Տվյալ տարածքը փաստացի հանդիսանում է զբոսայգու անտառային շերտի մի մասը և գտնվում է «Մայր Հայաստան» հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում։ Բացի այդ, ևս 2000 քմ հողատարածքի համար առաջարկվել է փոխանակում, որպեսզի բացառվի միջավայրին ոչ համահունչ որևէ կառուցապատում։ Արդյունքում՝ շուրջ 9000 քմ տարածք կրկին կծառայի հանրությանը»,- ասել է Վարդազարյանը։

Այգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրն այս պահին գտնվում է դատական փուլում։

Համայնքը հրաժարվել է երկարացնել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ կառուցապատման պայմանագիրը, ինչը բողոքարկվել է ընկերության կողմից։

Թեև առաջին ատյանի դատարանը մերժել է ընկերության հայցը, սակայն վերաքննիչ փուլում կիրառված հայցի ապահովման միջոցն այս պահին սահմանափակում է քաղաքապետարանի գործողությունները։

«Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականի արդեն այդպես «հոտած» պայմանագրին»,- անդրադառնալով այս խնդրին, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ