![]()
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խիստ քննադատության է ենթարկել ընդդիմությանը խորհրդարանում տեղի ունեցած ֆիզիկական բախումից հետո:
Կառավարության ղեկավարը, խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, նիստերի դահլիճում տեղի ունեցածն անվանել է ցավալի:
«Այն, ինչ մենք տեսանք նիստերի դահլիճում, իսկապես ցավալի է: Գործակալությունը կրկին ցույց տվեց իր իրական դեմքը: Երբ նրանք արդեն ասելիք չունեին, նախ անցան վիրավորանքների, իսկ հետո՝ ֆիզիկական բռնության»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը ցուցադրում է ընդդիմության իրական վարքագիծը:
«Սա նրանց ամոթալի դեմքն է: Դժվար է այլ վարքագիծ ակնկալել կրթությունից, ինտելեկտից, ազնվությունից և հայրենասիրությունից զուրկ մարդկանցից: Այն, ինչ մենք տեսանք այսօր, արժանապատվությունը կորցրած մարդկանց միավորման դրսևորումն է»,- ընդգծել է վարչապետը:
Իր ելույթում Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը նաև անվանել է «գործակալնե» և նրանց գործունեությունը համեմատել հարյուր տարի առաջվա վրացի բոլշևիկների գործունեության հետ։
«Մեկ դար առաջվա բոլշևիկների և ներկայիս գործակալության ընդհանրությունն այն է, որ նրանք գործակալներ են: Երբ դառնում ես գործակալության մաս, անհնար է քեզ արժանապատիվ պահել: Իմ խորհուրդը երիտասարդներին՝ երբեք չդառնալ գործակալության մաս»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների և «Հանուն Վրաստանի» խմբակցության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:
![]()