Նիկոլ Փաշինյանը դատարան է դիմել՝ վիճարկելով իր և Աննա Հակոբյանի մասին զրպարտչական բնույթի հրապարակումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի և Աննա Գևորգյանի՝ պահանջելով հերքել իր և կնոջ՝ Աննա Հակոբյանի մասով տարածված «զրպարտություն համարվող տեղեկությունները»։

Վարչապետի համար հայցի հիմք է հանդիսացել «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 30-ին հրապարակված գրառումը, որտեղ ներկայացվել են Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ «կեղծ տեղեկություններ»։

Նիկոլ Փաշինյանը հայցով խնդրում է պարտավորեցնել Աննա Գևորգյանին իր էջերում հրապարակային հերքում հրապարակել հետևյալ բովանդակությամբ․

«2026 թվականի սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան էջերիս միջոցով իմ՝ «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերի տնօրինող Աննա Գուրգենի Գևորգյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են վերջինիս ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ հետևյալ փաստացի տվյալները․ «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

«Քանի նրանք ապրում էին նույն տանը Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»

«Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

«Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։ «Եթե հիշում եք, 2018-2020 թթ․ Աննա Հակոբյանը հաճախ էր այցելում Շվեյցարիա։ Այցերը հիմնականում գաղտնի էին մնում, և անհայտ էր՝ ինչ նպատակով էր նա լինում այդ երկրում։ Շվեյցարիան աշխարհում հայտնի է իր բանկային գաղտնիքով։ Թալանչիների փողերը սովորաբար հանգրվանում են հենց այնտեղ։ ԿԲ-ի աշխատակիցներից մեկը մեզ ասաց․ «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։ «Տարբերությունը հսկայական է։

Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի տոկոսի հետ կապ ունի»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»»։

Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցից ևս նույն բովանդակությամբ հերքում է պահանջել: Հայցով նաև պահանջվում է Աննա Գևորգյանից ու «Իրավունք թերթ»-ից բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան է ստացվել հոկտեմբերի 31-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ