Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Հավանաբար Ռոբերտ Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի դեպքերի մասին ճշմարտությունը, կամ պարզապես չի համակերպվում այն իրողության հետ, որ իր հոր օրոք զորք է մտցվել Երևանի կենտրոն։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը՝ շարունակելով․

«Նրա պաշտոնավարման ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է մահաբեր և անհամաչափ ուժ, որի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Այդ քաղաքացիները պայքարում էին ընտրակեղծարարության դեմ, եթե չգիտես, ասեմ։

Զոհված ոստիկանը մահացել է այն պատճառով, որ չի կարողացել ճիշտ կիրառել իր ձեռքում եղած բեկորային նռնակը, և այն պայթել է հենց իր ձեռքում, սա մեկ։

Ինչ վերաբերում է 190 վիրավորված ոստիկաններին, ապա հրապարակված տվյալների համաձայն՝ գրեթե բոլորի վնասվածքները եղել են ոտքերի սրունքների հետևի հատվածում՝ ռետինե փամփուշտներից։ Միևնույն ժամանակ, եթե ցուցարարները հրազեն կիրառած լինեին, ապա տրամաբանական կլիներ, որ վնասվածքները լինեին առջևից և մարմնի տարբեր հատվածներում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ ցուցարարների ձեռքում հրազեն չի եղել։

Կան նաև պնդումներ, որ զինվորների արձակած կրակոցներից վիրավորվել են իրենց իսկ հետևում գտնվող ծառայակիցները, ինչը տարբեր գնահատականների և վերլուծությունների առարկա է դարձել։

Ինչ վերաբերում է «Չերյոմուխ-7»-ին, ապա երեք քաղաքացիների մահը, ըստ ձեր ներկայացրած տեսակետի, անզգույշ կիրառման հետևանք չէր, այլ ուղիղ նշանառու կրակոցների արդյունք։ Բացի դա, այդ միջոցը եղել է ժամկետանց և արգելված, հետևաբար հարց է առաջանում՝ ո՞վ էր տվել այն կիրառելու հրամանը։

Ուստի, Քոչարյանի որդի՛, նման համեմատություններ մի արա և մի փորձիր արդարացնել հորդ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով պետությունն է պատասխանատվություն կրում մարդկային զոհերի համար։ Եթե այդ ժամանակ հայրդ իրեն համարում էր պետության ղեկավար, ապա այդ պատասխանատվությունից չի կարելի պարզապես հրաժարվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ