![]()
Հունիսի 24-ին Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք կենզաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ ճեպազրույց, հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից։
Ճեպազրույցը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և UNCTAD-ի հետ համագործակցաբար։ Ճեպազրույցի նպատակն էր Ժնևում տեղակայված մշտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին տեղեկացնել COP17-ի նախապատրաստման, համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում կայանալիք հիմնական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ նախագահության առաջնայնությունների և նպատակների մասին։
![]()
Ճեպազրույցին հիմանակն ելույթով հանդես եկավ Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում նախ ներկայացրեց համաժողովի կարգախոսի և լոգոյի իմաստը։ Տեղեկացրեց հոկտեմբերի 16-ին կայանալիք Առաջնորդների գագաթաժողովի մասին, որի նպատակն է լինելու բարձր քաղաքական մակարդակով վերահաստատել հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման գործում, և որի արդյունքում նախատեսվում է ընդունել Երևանի հռչակագիր։
![]()
Դեսպան Տոլմաջյանը տեղեկացրեց նաև հոկտեմբերի 27-28-ին կայանալիք բարձրաստիճան նախարարական հատվածի կազմակերպման և նախարարների քննարկման համար COP17-ի Հայաստանի նախագահության կողմից ներկայացված թեմատիկ ուղղություների մասին։
Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ ՀՀ նախագահության առաջնայնությունների թվում են լինելու Կունմինգ-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կատարման առաջին վերանայման գործընթացը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման նպատակների համար ռեսուրսների մոբիլիզացիայի խնդիրը։
Ճեպազրույցին որպես բանախոսներ մասնակցեցին Ժնևում Կոլոմբիայի մշտական ներկայացուցչության, UNEP-ի եվրոպական գրասենյակի, ԵՏՀ և UNCTAD-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
![]()