Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Finance and Nature Dialogue» և The Road to COP17 Yerevan» բարձր մակարդակի միջոցառումներին:

Ողջույնի խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկրի և նախագահության տեսլականը։

Նախարարը նշել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը ձևավորել է հստակ նպատակներ, սակայն դրանց իրականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական հանձնառությունները վերածվեն գործնական քայլերի և իրական ներդրումների։ Ընդգծել է, որ բնության պահպանության ֆինանսավորումը մեր ժամանակի առանցքային մարտահրավերներից է։ Հանրային միջոցները կարևոր են, սակայն բավարար չեն կենսաբազմազանության ֆինանսավորման բացը հաղթահարելու համար։ Անհրաժեշտ է խթանել մասնավոր ներդրումները, զարգացնել հուսալի տվյալների և հաշվետվողականության համակարգերը, ձևավորել ներդրումային վստահություն և ստեղծել բնությանը նպաստող ծրագրերի իրական և կենսունակ պորտֆելներ։

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների, մասնավոր հատվածի, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացումը։

Միջոցառումները կարևոր հարթակներ էին` քննարկելու այն քաղաքական և ֆինանսական լուծումները, որոնք կարող են արագացնել ներդրումների ներգրավումը բնության պահպանության ոլորտում և ձևավորել ամուր գործընկերություններ՝ ընդառաջ Երևանում կայանալիք COP17-ին։

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով՝ միավորելով միջազգային գործընկերներին ընդհանուր նպատակի շուրջ՝ գործելու հանուն բնության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ