![]()
Լոռու մարզի դատախազությունում Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտներ դրանք օգտագործում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:
Միջնորդագրի արդյունքում 2026 թվականի հունիսի 25-ին դադարեցվել է այգու տարածքում գտնվող 150 քմ մակերեսով, 1 միլիոն 577 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
Դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել այգում գտնվող ևս 1389,7 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք, որոնց՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 35 միլիոն 133 հազար դրամ է:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
![]()