Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:

Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։

2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով:

Նշված քրեական վարույթները միացվել են:

2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություններ էին կատարել Իշխան Սաղաթելյանի տանը:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էին, որ քրեական վարույթի շրջանակում Իշխան Սաղաթելյանի տանը կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրավապահները իր բնակարանում խուզարկություն են կատարել ապօրինի գույքի շրջանակներում: Ըստ նրա՝ իր բնակարանի որոշ հատվածներ ապօրինի են ճանաչվել:

Սաղաթելյանի խոսքով՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու հիմքով իրավապահները առգրավել են զարդերը, կանխիկ գումար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ