Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հայտնի բարերար, մշակութային գործիչ Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին և նրան փոխանցել պետական բարձր պարգևը՝ Մովսես Խորենացու մեդալը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև նորաստեղծ գորգարվեստի թանգարանին առնչվող մի շարք հարցեր և առաջիկա հեռանկարներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լևոն Դեր Բեդրոսսյանին մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, ներկայացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նախարարը նշել է, որ այդ բոլոր բնորոշումները լիովին արտացոլում են Լևոն Դեր Բեդրոսսյանի կատարած բացառիկ աշխատանքը։

«Ձեր ներդրումը բարձր գնահատելու և արժևորելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների և նվիրումի համար Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է պետական բարձր պարգև։ Ձեր գործունեությունը կարևոր է մեր երկրի անկախության և պետականության ամրապնդման ճանապարհին։ Այս պարգևը Հայաստանում Ձեր իրականացրած մեծածավալ ներդրման արժանի գնահատանքն է»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ բարերարի աջակցությամբ ստեղծված գորգարվեստի թանգարանը կփոխանցվի սերունդներին, իսկ Հայաստան այցելող օտարերկրյա հյուրերի համար կդառնա երկիրը բացահայտելու հրաշալի վայր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ