![]()
ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1614-Ն որոշմամբ հաստատվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները և ձևերը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 866-Ն որոշմամբ այդ կարգում կատարվել են լրացումներ ու փոփոխություններ, որոնցով խնամքի ծառայության համար դիմելու գործընթացը դառնում է առցանց։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։
Դիմումն այսուհետ՝ առցանց
Ըստ նոր կարգավորման՝ խնամքի ծառայության համար դիմումը ներկայացվում է առցանց՝ ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում (www.e-social.am) ստեղծված անհատական օգտահաշվի միջոցով։ Անհատական օգտահաշիվ ստեղծելու համար դիմողն օգտագործում է «Ес ем» ազգային նույնականացման հարթակը։ Դիմումը ներկայացնելիս դիմողը միաժամանակ համաձայնություն է տալիս իր տվյալների մշակման, օգտագործման և փոխանցման վերաբերյալ։ Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը։
Տվյալներն ստացվում են ինքնաշխատ
Դիմումը ներկայացնելուց հետո խնամք հայցող անձի տվյալները ստացվում են ինքնաշխատ եղանակով՝ տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով։ Մասնավորապես՝ տվյալներ են ստացվում բնակչության պետական ռեգիստրից (անուն, ազգանուն, ՀԾՀ, քաղաքացիության կարգավիճակ), Պետական եկամուտների կոմիտեի համակարգից (զբաղվածության վերաբերյալ), քաղաքացիական կացության ակտերի շտեմարանից (մահվան վերաբերյալ), էլեկտրոնային առողջապահության համակարգից (շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, հոգեկան և վարքային խանգարումների վերաբերյալ), հաշմանդամության, ընտանիքի անապահովության գնահատման և այլ համակարգերից։ Փաստաթղթերի ներբեռնումը պահանջվում է միայն այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ շտեմարաններից ինքնաշխատ եղանակով։
Ինչպես է ընթանում գործընթացը
Դիմումի ներկայացումից հետո ակտիվանում է «Մշակվում է» կարգավիճակը, իսկ տարածքային կենտրոնի աշխատողի հաստատումից հետո՝ «Ենթակա է տնայցի» կարգավիճակը։ Այնուհետև տասն աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Գնահատման արդյունքում կայացվում է խնամք տրամադրելու կամ մերժելու որոշում, որի մասին դիմումատուն ծանուցվում է անձնական օգտահաշվի և էլեկտրոնային հասցեի միջոցով։ Խնամք տրամադրելու որոշման դեպքում անձն ինքնաշխատ կերպով հաշվառվում է հերթացուցակում, իսկ ազատ տեղ առաջանալիս հերթացուցակի առաջին համարը զբաղեցնող անձին ինքնաշխատ ձևավորվում է ուղեգիր։ Ուղեգիրը ստանալուց հետո անձը յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան կազմակերպություն և կնքի խնամքի ծառայությունների տրամադրման պայմանագիր։
Մերժում և բողոքարկում
Թերի կամ սխալ կցված փաստաթղթերի դեպքում դիմումատուին տրամադրվում է լրացուցիչ երեք աշխատանքային օր՝ շտկման համար, ընդ որում դիմումը կարող է վերախմբագրման վերադարձվել միայն մեկ անգամ։ Եթե շտկումները չեն կատարվում, ակտիվանում է «Մերժված է» կարգավիճակը, որն ուղեկցվում է մերժման պատճառների պարտադիր նշումով։ «Մերժված է» կարգավիճակ ստանալու դեպքերի բողոքարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։
Ե՞րբ է ուժի մեջ մտնում
Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Որոշմամբ նաև N 1614-Ն որոշման 2-րդ կետում սահմանված «2027» թիվը փոխարինվել է «2028»-ով։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ N 866-Ն որոշմամբ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու գործընթացն ամբողջությամբ տեղափոխվում է առցանց հարթակ՝ www.e-social.am, տվյալների ինքնաշխատ ստացմամբ և գործընթացի փուլերի էլեկտրոնային կառավարմամբ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։
![]()