Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Ճապոնիա հիմնադրամի «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ։

Ինչպես հայտնել է Հայաստանի պատմության թանգարանը, բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։ Նրանք ընդգծեցին մշակութային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման նախաձեռնությունների դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և երկխոսության ամրապնդման գործում։

726964047_893291909716125_1735015621631863379_n.jpg (86 KB)

Նորաբաց այս ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ կերամիկական նմուշներ՝ թեյի արարողության պարագաներ, սեղանի սպասք և ժամանակակից տարատեսակ կերամիկական ստեղծագործություններ, որոնք արտացոլում են այս ավանդույթի շարունակական զարգացումն ու դարերի պատմությունը։

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումով․ ներկաները ունկնդրել են ճապոնական «Ծովափի երգ» ստեղծագործությունը՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս, դաշնակահար Աննա Ալեքսանյանի և վոկալիստ Կարինա Գևորգյանի կատարմամբ։

Ցուցահանդեսն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ճապոնիա հիմնադրամի աջակցությամբ և կգործի մինչև հուլիսի 10-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ