![]()
Հունիսի 20-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
![]()