Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ընկերության նախկին տնօրենի կողմից հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս արդյունահանման ժամանակ հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս հանքարդյունաբերական աշխատանքների ժամանակ արդյունահանված օգտակար հանածոյի հանված հողերի վերին շերտը մակաբացման ապարների հետ խառնված վիճակում ընկերության կողմից տեղադրվել է գյուղատնտեսական և անտառային նշանակության հողամասերում, ինչի հետևանքով դեգրադիացիայի են ենթարկվել 9989 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության և 5534.41 քմ մակերեսով անտառային նշանակության հողեր:

Արդյունքում, պետությանը պատճառվել է 104 մլն 117 հզր 648 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գ.Շ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):

Վերջինս այլ հանցանքի կատարման համար պատիժ է կրում ազատազրման վայրում:

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Գ.Շ.-ին պատկանող մի շարք անշարժ գույքերի վրա` ընդհանուր 95 մլն 646 հզր 725 դրամ շուկայականին մոտարկված արժեքով:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին», ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ