Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է Հայրերի օրվա առիթով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշվում է որպես Հայրերի օր։

«Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։

Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից։

Բացի այդ՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման հարցում կարգավորումներ են նախատեսված նաև հայրերի համար։ Այո՛, ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը՝ խնամքի արձակուրդը վերցնելով ամբողջությամբ կամ մաս առ մաս։

Այսօր նաև Ազգային ժողովը 1-ին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կսահմանվի «ծնողական ժամ» եզրույթը։

Այն աշխատող ծնողներին հնարավորություն կտա օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ (կախված երեխաների քանակից) բացակայել աշխատանքից՝ պահպանելով աշխատավարձը։

Սիրելի՛ հայրեր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր օրը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»,- գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ