![]()
Դատախազությունը 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միևնույն ժամանակ վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան 457,79 հա հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերության 74,1 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
![]()