Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը առաջին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման հիմնական նպատակը Հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի հետագա թվայնացումն է, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ դրա՝ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումը:

Նախագծով առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում: Առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին՝ էլեկտրոնային առեւտրային հարթակին ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաեւ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու եւ էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել այն գործունեության ոլորտները, դեպքերն ու ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի հերթական նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ