Ռիսկերը հաղթահարված են. ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ՀՀ-ում քրեական օլիգարխիան արմատախիլ անելու գործընթացի վրա. Փաշինյան

«Մենք պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս ՀՀ-ում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է՝ կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է  և ՀՀ-ի լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից. «2021 թվականի ընտրություններին հաջորդած շրջանում ՀՀ կառավարության և խորհրդարանական մեծամասնության գերկենտրոնացումը եղել է խաղաղության օրակարգը և բոլոր հնարավոր էներգիան կենտրոնացվել է այդ խնդրի լուծման վրա:

ՀՀ-ում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են արտաքին ազդեցություններով, դրանք նաև ՀՀ անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ: Եղել են իրավիճակներ, երբ հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով: Այսօր այդ ռիսկերը հաղթահարված են, կառավարված են և դրանք այլևս գոյություն չունեն: ՀՀ կառավարությանը, ժողովրդին և քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ ՀՀ-ում քրեական օլիգարխիան արմատախիլ անելու գործընթացի վրա, դա արդեն իսկ սկսված է, այն որևէ ձևով չի կարող կասեցվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ